Կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը` ԱՄՀ ֆինանսավորման նախապայմա՞ն

Կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը` ԱՄՀ ֆինանսավորման նախապայմա՞ն

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը մարտի 24-ին հայտարարել է, թե «ԱՄՀ-ն կենսաթոշակային բարեփոխումների հարցում Հայաստանի կառավարության վրա ճնշումներ չի գործադրել»:

Սակայն դեռևս 2010-ի դեկտեմբերի 1-ին ԱՄՀ-ն Հայաստանի համար երեք տարով հաստատել է երկու ծրագիր` EFF (Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիր) և ECF (Երկարաձգվող վարկավորման ծրագիր), որոնց շնորհիվ մեր երկրին 3 տարում ընդհանուր առմամբ տրամադրվել է 393,9 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրերը 6 ամիսը մեկ վերանայվել են (review), և արդեն չորրորդից, որը հրապարակվել է 2012-ի հունիսին, որպես կատարողական չափորոշիչ (structural benchmark, այլ կերպ ասած` նախապայման) նշվում են կենսաթոշակային բարեփոխումները: Այսինքն, Հայաստանը գումարի հերթական մասը կարող է ստանալ միայն դրա կատարումից հետո: Բայց քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր ծրագրերի հաստատումից օրեր անց` 2010-ի դեկտեմբերի 22-ին, վերանայումներում նշված ԱՄՀ նախապայմաններն արդեն պետք է վերաբերվեին դրա կիրառմանը, Կառավարության որոշումներին, հաշվարկներին, ֆոնդերի ընտրությանն և այլն:

4-րդ վերանայման փաստաթղթում մասնավորապես գրված է. «Այլ բարեփոխումների հետ միասին կենսաթոշակային բարեփոխումների ֆինանսական ծախսերի մասին առաջին ամբողջական նկարագրությունը պետք է ներկայացվի մինչև 2012-ի դեկտեմբերի վերանայումը: Գործընթացի ամբողջական ֆինանսական գնահատականը պարտադիր է, որպեսզի հնարավորություն ունենանք գնահատել բարեփոխումների արդյունավետությունը» (էջ 27. Table 10. Armenia: Structural Benchmarks for Future Implementation Under the EFF/ECF):

Նույն փաստաթղթի 15-րդ էջում (Box 4. Armenia: Pension Reform) ներկայացված է հայկական կողմի պարզաբանումը, որտեղ նկարագրվում են ապագա կենսաթոշակային բարեփոխումների կառուցվածքը.

«Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգը բաղկացած կլինի 3 հենասյունից. անցում ներկայիս գործող կենսաթոշակային համակարգից նոր կուտակային համակարգին, և պարտադիր ու կամավոր կուտակային համակարգերի ներդրում: Օրենսդիր և գործադիր իշխանություններից հսկայական ջանքեր կպահանջվեն 2012-13 թթ., որպեսզի նոր համակարգը գործարկվի արդեն 2014-ին»:

Այս հատվածում մանրամասն նկարագրվում են նաև ապագա համակարգի սկզբունքները` անցման պահին մինչև 40 տարեկան բոլոր քաղաքացիները կընդգրկվեն նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում և աշխատավարձից ֆոնդերին կփոխանցեն 5%:

Նույն փաստաթղթի 30-րդ էջում ներկայացված Letter of intent-ում (Նամակ-պարտավորագիր ԱՄՀ-ին վարկառու պետության կողմից) նշված է, որ «Մենք արագացնում ենք նախապատրաստական աշխատանքները 2014-ին կենսաթոշակային համակարգի ներդրման համար: Կուտակային կենսաթոշակային համակարգին բարեհաջող անցման համար հսկայական աշխատանք է պահանջվում»:

Հետագա վերանայման փաստաթղթում (2013 հուլիս) կատարողական չափորոշիչներում նշվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները հաջողությամբ ընթանում են և 2014-ին վերջնականապես կգործարկվեն:

2013-ին վերոնշյալ երկու ծրագրերն ավարտվել են և արդեն 2014-ի փետրվարին ՀՀ կառավարությունը դիմել է ԱՄՀ-ին նոր EFF-ի հաստատման համար (127,6 միլիոն դոլար): Նոր դիմումի 40-րդ էջում կառավարությունը հերթական անգամ ԱՄՀ-ին տեղեկացնում է, որ կենսաթոշակային բարեփոխումներն ընթացքի մեջ են, արդեն օրենքն ուժի մեջ է.

«2014-ի սկզբին հաջողությամբ գործարկել ենք մեր կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը: Բարեփոխման վերջին երկու հիմնական հենասյունները՝ երկու բարձրակարգ ֆոնդերի կառավարչի լիցենզավորումը և հանրության կողմից մեկ ընկերության ընտրությունը, որը կտնօրինի նրանց համապատասխան կենսաթոշակները, արդեն ավարտվել են և անհատական հաշիվներին արվող ներդրումները սկսվել են հունվարին: Այս բարեփոխման հետ կապված կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի բարելավենք հետագա ներքին պարտքի կառավարումը և կառավարական պարտատոմսերի առաջնային և երկրորդական շուկաների գործումը: Սա հատկապես կարևոր կլինի, քանի որ կենսաթոշակային բարեփոխումը սպասվում է, որ կընդլայնի ներդրումների բազան կառավարական պարտատոմսերի շուկաներում»:

Արդեն մարտի 7-ին ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) նոր 38-ամսյա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանին 127,6 մլն դոլարի չափով վարկ կտրամադրվի:

Բոլորովին վերջերս` մայիսի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև կենսաթոշակային բարեփոխումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն:

Արժույթի միջազգային հիմնադրամը

Արժույթի միջազգային հիմնադրամը` ԱՄՀ-ն ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ):

1944թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Բրետոն-Վուդի արժութաֆինանսական հարցերի կոնֆերանսում մշակվել է հիմնական համաձայնություն (ԱՄՀ Խարտիա): Առավել զգալի ներդրումը հայեցակարգի մշակման մեջ ունեցավ Ջոն Մեյնարդ Քեյնսը, որը գլխավորում էր բրիտանական պատվիրակությունը եւ Հարրի Դեքստեր Ուայթը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Համաձայնագրի վերջնական տարբերակն առաջին 29 պետությունները ստորագրել են 1945թ. դեկտեմբերի 27-ին, որը ԱՄՀ ստեղծման պաշտոնական ամսաթիվն է: ԱՄՀ-ն իր գործունեությունը սկսել է 1947թ. մարտի 1-ին որպես Բրետոն-Վուդի համակարգի մաս: Նույն թվականին Ֆրանսիան վերցերց առաջին վարկը: Այժմ ԱՄՀ-ն միավորում է 186 պետությունների, իսկ նրա կազմում աշխատում է 2500 մարդ 133 երկրներից:

ԱՄՀ-ն կարճաժամկետ եւ միջնաժամկետ վարկեր է տրամադրում պետության վճարային հավասարակշռության դեիֆիցիտի դեպքում: Վարկերի տրամադրումը, սովորաբար, ուղեկցվում է իրադրության բարելավմանն ուղղված պայմանների եւ խորհրդատվությունների փաթեթով:

ԱՄՀ քաղաքականությունն ու խորհուրդները զարգացող երկրների վերաբերյալ բազմիցս են քննադատվել, որի էությունն այն է, որ խորհուրդների եւ պայմանների կատարումն արդյունքում ուղղված է ոչ թե ինքնուրույնության, կայունության բարձրացմանն եւ ազգային տնտեսությունների զարգացմանը, այլ լոկ շաղկապում է այն միջազգային ֆինանսական հոսքերին:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---