Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ղրղզստանն ու Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հայտեր են ներկայացրել: Այդ մասին հայտնել է միջազգային բանկային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մառիչևը մայիսի 15-ին Բիշքեկում ընթացող ֆինանսական համաժողովի ժամանակ:

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին Աստանայում: Հայտեր կան Ղրղզստանից ու Հայաստանից Միությանն անդամակցելու վերաբերյալ: ԵՏՄ ընդլայնումը ավելի շատ հնարավորություններ կստեղծի ԵՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդման համար»,-ասել է նա: Ըստ նրա, պայմանագիրը դեռ իդեալական չէ, բայց «փորձագետները կուսումնասիրեն այն ու ուղղումներ կկատարեն նույնիսկ ընդունումից հետո», հայտնում է Armenia Today-ը:

«Բացի այդ, այժմ ակտիվ քննարկվում է Շանհայի համագործակցության կազմակերպության ու Զարգացման հիմնադրամի Զարգացման բանկի ստեղծումը»,-հավելել է Մառիչևը:

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո փաստաթուղթը կվավերացվի ազգային խորհրդարաններում և ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Եվրասիական տնտեսական միության հիմքում պետք է լինի լայնաֆորմատ Մաքսային միությունը, Միության անդամների միջև չպտեք է լինեն սահմանափակումներ ապրանքների շարժի առումով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը տեղի ունեցավ Մինսկում ապրիլի 29-ին:

Բացելով նիստը՝ Լուկաշենկոն ափսոսանքով նշեց, որ այսօր արդեն ձևավորվել է այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ կողմերի կարծիքները տարբեր են, ու այդ հարցերի ցանկը մտավախություն է առաջացնում: «Ուստի մենք հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար»,-ասել է նա:

«Մեզ առաջարկում են այսօր չլուծված թողնել այն խնդիրները, որոնք պետք էր լուծել դեռ նախորդ փուլերում: Ըստ մեր համոզման, մենք պետք է կոնկրետ խնդիրներ լուծենք, որից մեկը լիարժեք Մաքսային միությունն է: Միության անդամների միջև չպետք է սահմանափակումներ լինեն ապրանքաշրջանառության առումով»,-ասել է Բելառուսի նախագահը: Ըստ նրա, ապրանքների շարժի ցանկացած սահմանափակում, առավել ևս էներգակիրների դեպքում, անցանկալի նախադեպ կառաջացնի: Լուկաշենկոն նշել է, որ մտավախություն է առաջանում, որ այստեղ կարող են տնտեսական ու բյուջետային բնույթի բարդություններ լինել: «Բայց ինձ թվում է, այդ դեպքում Եվրասիական տնտեսական միության մասին հնարավոր կլինի խոսել 10 տարի անց, եթե մենք այսօր պատրաստ չենք»,-ասել է Բելառուսի նախագահը: Ինչ վերաբերում է օրակարգի երկրորդ կետին, ապա բելառուսական կողմը կողմ է, որպեսզի նոր անդամներն ընդունվեն փաթեթային սկզբունքով առանց հատուկ պայմանների կամ կարգավիճակների:

«Կարծում եմ, որ դա արդար կլինի, առաջին հերթին մեր երկրների դեպքում, որոնք անցել են ինտեգրման գործընթացի բոլոր փուլերով»,-ասել է Լուկաշենկոն: Իր հերթին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ առկա տարաձայնությունները Եվրասիակն տնտեսական միության ճանապարհին հաղթահարելի են: Նա նշել է, որ կողմերը կատարել են աշխատանքի մեծ մասը, ստեղծվող միության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում այլ գործընկերներ, և հիշեցրել, որ այս տարի լրանում է եվրասիական ինտեգրման 20-ամյակը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես խոստովանել է, որ կան չլուծված հարցեր, սակայն վստահություն հայտնել, որ դրանք կարելի է լրամշակել ու փոխզիջման գալ:

Նիստի ավարտին պետությունների նախագահները հանձնարարել են ավարտել ԵՏՄ մասին պայմանագրի բոլոր նրբությունների մշակումը, որպեսզի փաստաթուղթը եռյակի ստորագրմանը ներկայացվի Աստանայում մայիսի 29-ին կայանալիք գագաթաժողովում: ԵՏՄ մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի բազային հիմքը, որով նախատեսվում է, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան ժամկետից մի փոքր շուտ կսկի գործել, քանի որ արդեն 2 տարի է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: 2016 թվականին նախագահները կհաստատեն շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018-ին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը:

Մինչև 2025 թվականը նավթի, նավթամթերքի ու գազի ոլորտներում գործակցության հետ կապված հարցերը կկարգավորվեն ըստ գործող համաձայնագրերի, որ կնքվել են 2010 թվականին, և ըստ լրացուցիչ երկկողմ պայմանավորվածությունների, որոնք կստորագրվեն ու կապահովեն կողմերին բավարարող գործակցության կարգավիճակը:

Ինչ վերաբերում է ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը մայիսի 29-ին: Նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանը Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքին: Մասնավորապես, 126 կետից 111-ն արդեն կատարված է, իսկ 15-ը ներառվել են ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին բուն պայմանագրում:

ՀՀ նախագահը չի մասնակցել գագաթաժողովին: «Դեռ չանդամակցելով ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանը չի մասնակցում Մինսկում ընթացող Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստին: Ըստ օրակարգի, Հայաստանի ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը ՄՄ անդամ երկրների նախագահներին կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը»,-հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրԱզԷՍ-ի կազմավորմանը մասնակցելու ցանկության մասին: Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը: Նա նաև նշել էր, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները: Սակայն ապրիլի 18-ին նա հերքեց իր իսկ կողմից մեկ օր առաջ արված հայտարարությունը:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին հայտնել էր, որ ներկա պահին ընթանում են Հայաստանի` ՄՄ–ին և Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունները. «Գործընթացը շատ արագ է շարժվում, և մենք նաև շատ օպերատիվ բանակցում ենք այն մասին, որ անհրաժեշտության դեպքում միանգամից միանանք Եվրասիական տնտեսական միությանը»։

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Նախկին վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ:

Մարտի 5-ին, բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---