Շփման գծում հակառակորդը դիվերսիայի հերթական փորձ է արել

Շփման գծում հակառակորդը դիվերսիայի հերթական փորձ է արել

PanARMENIAN.Net - Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր, հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:Ներկա պահին շփման գծի ամբողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Մայիսի 20-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը նույնպես հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։Դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում․ մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Արման Ղուկասյանին հետմահու պարգևատրել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---