ԼՂՀ ԱԳՆ. ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն Արցախի Պաշտպանության բանակն է

ԼՂՀ ԱԳՆ. ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն Արցախի Պաշտպանության բանակն է

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների համընդհանուր արժեքների հիման վրա: Մենք վստահ ենք, որ Արցախի այս չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտի նրա մասնակցությանը միջազգային գործընթացներին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը AESPUL Կանադական ուսանողական ասոցիացիային: Ըստ նրա, ԼՂՀ արտաքին քաղաքականության առանցքային գերակայություններն են՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը, արտերկրում ԼՂՀ քաղաքացիների, ինչպես նաև Ադրբեջանից փախստականների ու ներքին տեղահանված անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը ԼՂՀ տնտեսություն մեջ, գործակցության ամրապնդումն Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միջև:

«Մենք կշարունակենք ջանքերն, ուղղված ԼՂՀ ճանաչման գործընթացում դրական միտումների ամրապնդմանը, ինչպես նաև բանակցությունների ամբողջական ձևաչափի վերականգնմանը՝ բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական մասնակցությամբ, քանի որ հակամարտության գլխավոր կողմերից մեկի բացակայությունը բանակցություններում դժվարացնում է իրական առաջընթացը: Առաջնային են նաև հետևյալ խնդիրները՝ առավել ակտիվ աշխատանքը տեղեկատվական ոլորտում, հետևողական աշխատանքը ղարաբաղյան հակամարտության մասին հավաստի տեղեկություններ տարածելու ուղղությամբ, ժողովրդավարական պետության կառուցման գործում զգալի առաջընթացի հետագա խորացումը, մեր հանրապետության ընթացիկ զարգացումը»,-նշել է նա:

Ըստ ԼՂՀ ԱԳ նախարարի, Արցախի արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերը «ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունն է, ինչն իր հերթին, դժվարացնում է նախարարության լիարժեք գործունեությունը և ստեղծում որոշակի սահմանափակումներ քաղաքականության իրականացման գործում: Միևնույն ժամանակ առկա խնդիրները մղում են մեզ ավելի ակտիվ և քրտնաջան աշխատանքի՝ ուղղված նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը»:

Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին ԱՄՆ և Ավստրալիայի տարբեր նահանգներում, ինչպես նաև տարբեր քաղաքների կողմից (ԼՂՀ քաղաքաների հետ բարեկամական հարաբերությունների հետագա հաստատմամբ) ԼՂՀ անկախության ճանաչման միտում է նկատվում: «Այսօր Արցախն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ կայացած պետություն է ու կարող է վարել պատասխանատու և ակտիվ արտաքին քաղաքականություն: Այն ուղին, որով այսօր գնում է Արցախը, համարժեք գնահատականի է արժանանում միջազգային հանրության կողմից»,-ասել է Միրզոյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը՝ Կարեն Միրզոյանը նշեց, որ «հայատյացությունը Ադրբեջանում հասել է պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանի սպառնալիքները մնում են ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում (1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված ներկայիս սահմաններում) սադրանքների մակարդակի վրա, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Խաղաղ գործընթացի անշրջելիության երաշխիքների բացակայության և ռազմական գործողությունների չվերսկսման պայմաններում տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը միշտ կլինեն սպառնալիքի տակ»։ ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն Արցախի Պաշտպանության բանակն է, որը պատրաստ է պատասխանել իր սահմանների վրա ցանկացած ոտնձգության: Այստեղ իր դերակատարությունը պետք է ունենա նաև միջազգային հանրությունը: Հստակ ուղերձը բռնությունից ամբողջապես հրաժարվելու մասին, ձեռք բերված համաձայնությունները կատարելու ու բանակցային ճանապարհով լուծումներ գտնելու մղումը պետք է դառնա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի անբաժան մասը»,-ասել է Կարեն Միրզոյանը:

1991 թ. անկախացումից ի վեր Արցախը հաջողությամբ 5 խորհրդարանական և 5 նախագահական ընտրություններ է անցկացրել, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար ու թափանցիկ: Վերջին նախագահական ընտրությունները 2012 թ. հուլիսին դրական գնահատվեցին մոտ երկու տասնյակ երկրներից ժամանած 80 միջազգային դիտորդների կողմից:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերն ու բուն ճանաչման գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Այդպես, փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն և Գի Տեսյեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Մայիսի 9-ին Կալիֆորնիայի Վեհաժողովն ու Սենատը համատեղ բանաձև են ընդունել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ժողովրդավարական անկախության իրավունքին:

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը մայիսի 8-ին ձայների մեծամասնությամբ Արցախի անկախությունը ճանաչող AJR 32 բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր կոնգրեսական Մայք Գատտոն: Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին էր քվեարկել 70 օրենսդիր, 1-ը դեմ է եղել:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը:

2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---