Սարգսյանը, Նազարբաևն ու Պուտինը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին. Հունիսին, հուլիսին, ամենամոտ ապագայում

Սարգսյանը, Նազարբաևն ու Պուտինը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին. Հունիսին, հուլիսին, ամենամոտ ապագայում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Իր ելույթում նախագահը մասնակվորապես շնորհակալություն է հայտնել կարևոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերի համար:

Շնորհավորելով Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ նա ասել է, որ վստահ է, որ շատ հարցերում միությունը կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը: Նախագահը նշել է, որ, անկասկած, դա մեծաքանակ փորձագետների և պաշտոնյաների աշխատանքի արդյունք է, ովքեր հաղթահարելով խոչընդոտներն ու տարաձայնությունները, գտել են փոխզիջումային առաջարկներ, արել են ամեն հնարավորը, որպեսզի համաձայնեցնեն փոխընդունելի փաստաթուղթը: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում:

«Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ ցանկանում եմ նշել հետևյալը՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները:

Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ:

Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն»,-ասել է Սերժ Սարգսյանը:

«Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:

Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին»,-ասել է ՀՀ նախագահը:

Նա նաև հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: «Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում»,-ասել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանին միանալու մասին պայմանագրի նախագիծը հարկավոր է հաստատել ու ստորագրել ամենասեղմ ժամկետում: «Հայկական կողմը կցանկանար դա անել արդեն հունիսին: Ընդհանուր առմամբ մենք համաձայն ենք: Հուսով ենք, որ Միության գործարկումից հետո Հայաստանը շատ սեղմ ժամկետում կդառնա նրա լիիրավ անդամը»,-ասել է ՌԴ նախագահը: Ինչպես հայտնում է Ղազինֆորմը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն նշել է նաև, որ Հայաստանը շատ վստահ ու նպատակային դիրքորոշում է որդեգրել ինտեգրման հարցերում:

«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի կառավարությանն ու նախագահին ինտեգրման հարցերում շատ համառ ու ակտիվ դիրքորոշման համար: Մինչ պայմանագրի կնքումը ստորագրման ենթակա 126 փաստաթղթից ստորագրված է արդեն 119, իսկ յոթը հենց միանալու մասին պայմանագրի մաս են կազմում: Ինչպես ասվել է, մնում են միայն մի քանի բանակցային դրույթներ այդ պայմանագրի շրջանակում առևտրային բլոկին վերաբերող»,-ասել է Խրիստենկոն:

Նա նշել է, որ այդ տարաձայնություններն անհաղթահարելի չեն և փոխզիջումներ կարող են գտնվել շատ սեղմ ժամկետում:

«Եթե հայկական կողմը որոշում կայացնի, պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ հունիսին: Մեր տեսակետից՝ դա միանգամայն հավանական ժամկետ է այս մեծ աշխատանքն ավարտելու համար»,-ասել է Խրիստենկոն:

Ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:

Հայաստանն անդամակցել է ԱՀԿ-ին 2003 թվականին, դառնալով անդամ 145-րդ երկիրը:

«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից,: Սա քննարկման համար»,-ասել է Նազարբաևը:

Այսօր մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Նախագահը նշել է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է և «երկու-երեք օրվա մեջ կարելի է գտնել փոխադարձ ընդունելի որոշումներ» առկա հարցերի առնչությամբ:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---