Սոչիի քաղաքապետը խոստանում է կանգնեցնել զորավար Անդրանիկի արձանը

Սոչիի քաղաքապետը խոստանում է կանգնեցնել զորավար Անդրանիկի արձանը

PanARMENIAN.Net - Ըստ ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցի, Սոչիի քաղաքապետը խոստցել է, որ զորավար Անդրանիկի հուշարձանը կանգնեցվելու է: «Այս պահի դրությամբ Նոր Լույս գյուղում հուշարձանի կանգնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Կա իշխանությունների համաձայնությունը, կա կազակների համաձայնությունը, ձևական կողմը պահպանված է: Մնում է միայն ստանալ թույլտվությունը գրավոր տեսքով ու կանգնեցնել հուշարձանը: Ավելին, Անդրանիկ Օզանյանի դիմանկարը Ադլերի «Համշենների բակը» թանգարանում տեսել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը, որը հետաքրքրվել է, թե ում դիմանկարն է դա: Նրան պատասխանել են, որ դա Ռուսական կայսրության բանակի գեներալ Անդրանիկ Օզանյանն է, որի հուշարձանը ապամոնտաժվեց Լազարևի շրջանի Վոլկոնկա գյուղում: Սոչիի քաղաքապետը խոստացել է, որ Անդրանիկի հուշարձանը կկանգնեցվի»,-ասաց նա, գրում է LifeArmenia.com-ը:

Գերման Անանյանցը նաև նշեց, որ զորավարի կիսանդրիի շուրջ առաջացած սկանդալը հիմնականում ՌԴ օրենսդրության խախտման պատճառով էր: «Բոլոր նրանց, ով մեզ մեղադրանքներ է ներկայացնում, ես կուզենայի հարցնել. «Եթե Երևանի փողոցներից մեկում ինչ-որ մեկն ուզենար առանց համապատասխան թույլտվության հուշարձան կանգնեցնել, ինչպե՞ս կվարվեին քաղաքի իշխանությունները: Մի՞թե չէին պահանջի հանել հուշարձանը մինչև անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը»:

Անանյանցը նշել է նաև, որ տեղեկությունն այդ հարցի վերաբերյալ նա ստանում է անմիջապես ՌՀՄ Սոչիի բաժանմունքի նախագահ Հրաչյա Մակիյանից և այս պահի դրությամբ, քանի դեռ բոլոր իրավաբանական պահանջներն ամբողջ ծավալով կատարված չեն, հուշարձանի կանգնեցման հստակ ամսաթիվը նշել դժվար է: Սակայն դա տեղի կունենա մոտ ապագայում:

2011 թվականի մայիսի 28-ին Վոլկոնկա ավանում (քաղաք Սոչի) պետք է տեղի ունենար ռուսական բանակի գեներալ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացումը: Իրադարձությունը նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության օրվան, ուստի պետք է հավաքվեին մոտ 5-6 հազար հայեր Կրասնոդարի երկրամասի տարբեր վայրերից, Աբխազիայից և այլն: Սակայն տեղի իշխանությունները կտրականապես թույլ չտվեցին բացել հուշարձանը և հայտարարեցին, որ հայերը ստիպված են լինելու ապամոնտաժել հուշարձանը, հակառակ դեպքում, դա կանեն իշխանությունները, և այդ դեպքում արդեն այն կքանդվի: Ինչպես հայտնեց Սոչիի հայ համայնքը, իշխանությունները հայտարարեցին, որ նրանց դիրքորոշման պատճառն այն է, որ եթե հուշարձանը բացվի, Թուրքիան կարող է հրաժարվել մասակցությունից Սոչիի Օլիմպիադային: Հեռախոսազրույցում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը հայտնեց, որ չի կարող ոչ մի բան ձեռնարկել և խորհուրդ է տալիս ապամոնտաժել հուշարձանը: Ըստ համայնքի, իշխանությունների վրա ազդել էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, և որոշումը կայացվել էր ոչ թե երկրամասում, այլ Մոսկվայում: Հարկ է նշել, որ սա առաջին հակահայկական գործողությունը չէր Կրասնոդարի երկրամասում: «Առկա է ՌԴ որոշակի քաղաքականություն հայ բնակչության հանդեպ»,-ասվում էր համայնքի հայտարարության մեջ:

2011 թ. հունիսի 1-ին տեղի ունեցավ ՌՀՄ Սոչիի բաժանմունքի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էր ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը: Ըստ Անանյանցի, Լազարևի շրջանի ՌՀՄ ղեկավարությունը հրաժարական տվեց՝ գիտակցելով իր մեղքը: Այժմ պատրաստվում են իրավաբանական փաստաթղթերը, որպեսզի Անդրանիկի արձանը կանգնեցվի Ադլերում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---