EAFJD-ն նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահին Բաքու կատարելիք այցի շեմին

EAFJD-ն նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահին Բաքու կատարելիք այցի շեմին

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին: Նամակում կազմակերպությունը Բարոզուի ուշադրությունն է հրավիրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին Ադրբեջանի կառավարության կողմից՝ Բաքու կատարելիք այցի նախաշեմին: EAFJD-ն նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից լարվածության բորբոքումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ ազերի զինվորականները վերջին շրջանում բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը, որի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը մեկ անգամ ևս ցանկանում է ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի վրա, որին Freedom House-ը որակում է որպես «բռնատիրական ռեժիմ»: Դուք հանդիպելու եք Իլահմ Ալիևի հետ, որը իր հոր հետնորդն է 2003 թվականից, նա շարունակում է սաստկացնել հետապնդումները և, օգտվելով հսկայական նավթային եկամուտներից, ամրապնդում է իր իշխանությունը»:

Նամակում ասվում է ԱՄՆ և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կաշառման ու լոբբինգի մասին, որպես օրինակ բերվում է Foreign Policy-ի «Կոռլեոնեի կասպից կլանը» հոդվածը: Ալիևի ռեժիմին հաջողվեց կաշառել և ազդեցություն ունենալ որոշ մարդկանց, այդ թվում նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկա ու նախորդ անդամների, բրիտանական խորհրդարանի ու ԵԽԽՎ անդամների վրա:

EAFJD-ն հիշեցնում է Բարոզուին, որ մեկ ամիս առաջ ԵԽԽՎ Բյուրոն որոշեց, որ երկու տարի Բաքվում չեն անցկացվի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստեր և այդ արգելքը ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 1-ից:

«Մենք կոչ ենք անում քննել բոլոր այս հարցերը ձեր հանդիպումներում ու մատնանշել Ադրբեջանում ահագնացող հակահայ քարոզչությունը, որը գագաթնակետին հասավ 2012 թ. սեպտեմբերին, երբ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին հայ մասնակցին կացնահարած Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովն իրեն մեղավոր էր ճանաչել ու ոչ մի ափսոսանք չէր հայտնել իր գործած ոճրի համար՝ պատճառաբանելով դա նրանով, որ սպանվածը հայ էր:

Բացի այդ, EAFJD-ն խնդրում է ձեզ նշել, որ Ադրբեջանը պետք է հարգի ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը, հետ քաշի դիպուկահարներին շփման գծից և ստեղծի միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որին Հայաստանն արդեն համաձայնվել է:

Եվրոպան ստանում է ադրբեջանական գազի 2 տոկոսը, ինչը չպետք է մեզ դարձնի ԵՄ հիմնարար արժեքների ու իրավունքների խախտման մասնակիցը: Դուք մտադիր եք Բաքվի հետ կնքել Համաձայնագիր ռազմավարական գործընկերության ու ասոցացման մասին: Ալիևի ռեժիմի զոհերն ադրբեջանական ժողովուրդն է ու տարածաշրջանը»,-գրել է նամակում EAFJD նախագահ Գասպար Կարապետյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարով դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Ադրբեջանում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին:

2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

Հունգարիայի կառավարությունը գիտեր, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին դիվանագիտական սկանդալի կհանգեցնի, ավելի ուշ հայտարարեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Փակ կուսակցական նիստում նա խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու, հայտնում է Origo.hu-ն, հղում անելով կառավարությանն ու «Ֆիդեզ» կուսակցությանը մոտ աղբյուրների վրա: Ըստ հաղորդագրության, կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»:

Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին Օրբանին «բարոյապես սնանկ» է անվանել և կոչ է արել հրաժարական տալ: Ըստ նրա, Օրբանը պետք է անձնական պատասխանատվություն կրի ծագած սկանդալի համար:

2014 թ. մարտին Հունգարիայի օմբուդսմեն Լասլո Սեքեյը Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանին է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ իր արտահերթ զեկույցը: Հունգարիայի օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ:

Զեկույցում, մասնավորապես, նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ արդարադատության նախարարը՝ էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ»:

Զեկույցում շեշտվում է նաև, որ «նման կերպ վարվելով՝ նախարարն ուղղակիորեն վտանգել է օրենքի գերակայության սկզբունքի կիրառությունը և դրանից բխող իրավական որոշակիությունը: Արդյունքում, համաձայնելով էքստրադիցիային, նա թուլացրել է իր իսկ երկրի քաղաքացիների հավատը սեփական երկրում արդարության և վստահության նկատմամբ»: Ընթացիկ տարվա մայիսին ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1, 000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10, 000 կրակոց: Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---