Վարչապետի համոզմամբ՝ սոցվճարը «շատ ճիշտ քայլ էր»․ ԱԺ-ում կուտակայինի քննարկումը շարունակվում է

Վարչապետի համոզմամբ՝ սոցվճարը «շատ ճիշտ քայլ էր»․ ԱԺ-ում կուտակայինի քննարկումը շարունակվում է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում հունիսի 20-ին շարունակվել է նախօրեին մեկնարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագծի քննարկումը: Մինչ այդ «Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

«Օրինագիծը կազմելիս գրեթե հաշվի չեն առել ՍԴ ապրիլի 2 որոշման հիմնավորումները, մինչդեռ հենց դրանով էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ ենք անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից»,- նշվում է հայտարարության մեջ:

Հունիսի 19-ին խորհրդարանում մեկնարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը:

Հարցի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ օրենքի փոփոխության հիմքում երկու խնդիր է` Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը և հասարակության մտահոգությունները:

«Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում հուլիսի 1-ից, երբ օրենքներն ուժի մեջ մտնեն, այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար»,- ներկայացրել է նախարարը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգին փոխարինող նպատակային սոցիալական վճարին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դա «շատ ճիշտ քայլ էր»: Նա նշել է, որ Կառավարությունը համարձակ քայլ է արել` մոտ 38 մլրդ դրամ է հատկացրել պետ. սեկտորի աշխատավարձերի բարձրացմանը, և հիշեցրել, որ նպատակային սոցիալական վճարը տարածվելու է հենց նրանց վրա, գրում է «Երկիրը»:

ԱԺ-ում օրինագծի քննարկմանը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ «ցավալի է, բայց փաստ. «կուտակայինը» շարունակ քննարկվում է խորհրդարանում, այժմ էլ իշխանությունները փորձում են հրատապության միջոցով անցկացնել այն»:

Նա նշել է, որ թեև շատ է խոսվել խնդիրների մասին, այդուհանդերձ, խորհրդարանում է հայտնվել մի փաթեթ, որը ոչ միայն պարունակում է այդ խնդիրները, այլև ջարդում է հասարակության ոգևորությունը.«Ստացվում է, որ մեզ համար ավելի կարևոր են երկու միջազգային կազմակերպության շահերը, մի քանի հոգու շահերը, քան` մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ պետության… Աղբի անունը մեղր դնելով` աղբը մեղր չի դառնում»:

Նրա խոսքով` ՍԴ որոշումը բազմաթիվ լուրջ հարացադրումներ է պարունակում, սակայն այստեղ որևէ մեկը լուրջ քննարկման առարկա չի դարձրել ՍԴ որոշման կետերը, գրում է Panorama.am-ը:

«Ո՞ւմ ենք խաբում` ինքներս մե՞զ, թե մտածում եք, որ մեծամասնություն եք, կանցկացնեք օրենքը… Է անցկացրեք, վերջում դատարկ Հայաստան եք ունենալու»,- նյարդայնացած հավելել է նա:

Դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, նա նշել է, որ նախարարը ՍԴ-ում մասնակցել է քննարկումներին և այժմ ցանկանում է նրա համոզմունքը հասկանալ. «Դուք իսկապե՞ս գտնում եք, որ եթե «պարտադիր կուտակային վճար»-ը բառը փոխեք «սոցիալական նպատակային վճար» բառով, դրանից պարունակությունը փոխվում է»:

Երկրորդ հարցը վերաբերում էր ՍԴ-ի որոշմանը. «Իրավական դիրքորոշումներում շատ հստակ ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համակարգն անհրաժեշտություն է ձևավորում պետություն– գործատու–աշխատող եռամիասնությամբ ապահովել անձի կենսաթոշակային իրավունքը: Ասացեք խնդրեմ՝ Ձեր բերված փաթեթում, բացի նվազագույնի դեպքից, որտե՞ղ է գործատուն մասնակցում և ի՞նչ պարտավորություններ ունի: Հիշեցնեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել էր, որ կուտակային պարտադիր վճարի մասով գործատուի նկատմամբ պահանջների սահմանումը, այդ թվում նաև՝ նրա սեփականության վրա արգելանք դնելը, հակասում է Սահմանադրությանը»:

Պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր նրան, որ ՍԴ որոշմամբ ամրագրված է նաև, որ Ազգային ժողովը և կառավարությունը պատշաճ հսկողության և վերահսկողության մեխանիզմներ պետք է գործադրի, գրում է Tert.am-ը:

«Չորրորդ՝ դատարանի որոշման մեջ նշված է, որ ելնելով իրավակարգավորման բարդության աստիճանից` անհրաժեշտ է մարդկանց սահմանադրական իրավունքների պաշտպանության համապատասխան երաշխիքներ ապահովելու նպատակով սահմանել քրեական, իրավական և վարչական պատասխանատվության միջոցներ: Ձեր բերված փաթեթում որևէ նման նորմ չկա»,-ասել է պատգամավորը։

« Դուք՝ որպես աշխատանքի նախարար, որը պարտավոր է պաշտպանել աշխատողների իրավունքները, իսկապե՞ս մտածում եք, որ գործադիրը պետք է որոշում կայացներ՝ առանց պետական հատվածի ծառայողների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու, պարտադրեր նրանց ինչ-որ քայլեր»,-հինգերորդ հարցն այսպես է ձևակերպել Մինասյանը։

Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով «պարտադիր կուտակայինի և նպատակային սոցիալական վճարի տարբերությանը», ասել է, որ եթե մարդիկ չեն ուզում տեսնել այդ երկու նախագծերի տարբերությունները, երբեք չեն տեսնի։

«Բայց ես նշեմ, որ պարտադիր կուտակային վճարը գանձվում էր անհատի աշխատավարձից և առանց պետական բյուջե մտնելու՝ գնում էր ակտիվները կառավարողին: ՍԴ-ի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձել, որ այն փոխանցումը, որը չի մտնում պետական բյուջե, չի կարող դիտարկվել, որպես պարտադիր սոցիալական վճար, և այդ առումով Սահմանադրությանը հակասում է, քանի որ սեփականության իրավունքի նկատմամբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում: Դուք գիտեք, որ այս նոր նախագծով, ամեն ինչ ՍԴ-ի որոշմանը համապատասխանում է»,- ասել է նախարարը:

Խոսելով սոցիալական ապահովության երեք կողմերի պարտավորության մասին՝ նախարարը նշել է, որ գործատուների մասնակցությունը ցանկացած պարագայում կա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատավարձից անվանական կատարվող վճարումները, ի վերջո, գործատուի կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ են:

Անդրադառնալով հսկողական մեխանիզմներին՝ Ասատրյանն ասել է. «Եթե գումարները արտացոլվում են արդեն պետական բյուջեում, բնականաբար Ազգային ժողովն ունի հնարավորություն՝ իրականացնելու իր վերահսկողական գործառույթները»:

Հանրային ծառայողներին վերաբերվող օրենքի դրույթի մասին Արտեմ Ասատրյանն ասել է, որ ՀՀ ունի համապատասխան օրենսդրություն, որը հստակ սահմանում է այն իրավական հիմքը, որը թույլ է տալու ապահովել այդ տարբերակված մոտեցումները, եթե դրանք առկա են. «Հանրային ծառայողների նկատմամբ, ի տարբերություն Ձեզ, ես սա տեսնում եմ լրացուցիչ սոցաշխատանքային երաշխիք և ոչ թե պարտադրանք կամ որևէ այլ բացասական հանգամանք»։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ ոչ թե հարց է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, այլ հանդես եկել առաջարկով ՝ խնդրելով նախագծում հաշվի առնել նաև հղի կամ ծննդաբերած կանանցից գանձումներ կատարելու հարցը։

«Ստացվել է, որ հարցն ընդգրկված է այս օրենքով, և հիմա լուծելու համար ես առաջարկում եմ հաշվի առնել, որ պետական ոլորտում պետությունը նրանց համար փոխհատուցի ոչ թե 5000 դրամ, այլ 10.000 դրամ»,-ասել է նա և անցել երկրորդ առաջարկին.

«Փոխհատուցումը կատարել նաև մասնավոր ոլորտում, այսինքն՝ երբ որ գործատուներին պարտադրում ենք նպատակային սոցվճարի համար, ապա մեկ անգամ էլ բացատրենք մեր գործատուներին դրա կարևորությունը, որ նույն 10.000 դրամը յուրաքանչյուր ամսվա համար մինչև երեխայի 2 տարեկան դառնալը մասնավոր հատվածը նույնպես պարտադիր կերպով փոխհատուցում կատարի»։

Ի պատասխան նախարարը նշել է, որ առաջին մասի հետ կապված՝ գումարն ավելացնելու համար պետք է հաշվարկել պետբյուջեի հնարավորությունները, իսկ երկրորդ մասով` խնդիրներին ուղղված առաջարկ է և առաջինից երկրորդ ընթերցման ընթացում կքննարկեն համատեղ։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, նշել է. «Մենք կարծում էինք, որ կառավարության փոփոխությամբ խնդիրները կվերանայվեն, բայց կառավարության ծրագիրը և կառավարության այսօրվա քայլերը հույսերը կամաց-կամաց մարում են, և միառժամանակ հետո կվերանան: Ինչո՞ւ է ժողովրդի 80 տոկոսը շարունակում դեմ մնալ այս օրենքին, որովհետև ժողովուրդը չի խորանում մասնագիտական քննարկումների մեջ, այլ հաշվում է իր եկամուտները ու տեսնում, որ դրանք նվազում են»:

Պատգամավորի մոտ շարունակում է հարց մնալ՝ ինչու փոխվեց կառավարությունը, եթե նույն ճանապարհով է գնալու, ինչ նախորդը, ինչու է նոր օրենք ընդունում, եթե դրա բովանդակությունը չի փոխվում:

«Արդարադատության նախարարը պարտավոր էր տալ եզրակացություն` սահմանադրակա՞ն է նոր փաթեթը, թե` ոչ, ոչ թե ասեք` քանի դեռ ՍԴ-ն չի ընդունել օրենքի հակասահմանադրականությունը, ուրեմն նորմալ օրենք է: Այս ի՞նչ կարգ եք ներմուծում, ինչպե՞ս կարելի է նման հայտարարությւոններ անել: Սա անմեղության կանխավարկած չէ: Քառյակի հայտարարության մեջ ասել ենք, չէ՞, ինչ պետք է անել, որ կողմ լինենք, բայց դուք դա արե՞լ եք»,- հարցրել է պատգամավորը:

«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում: Նախորդից հրաժարվում եք, թե նա անդեմ էր, իսկ սա դեմքով է, բայց դա անդեմ չի, այլ սերունդների համերաշխության սկզբունքն էր ապահովում: Պարտադիրը չի վերացել, ինչ ուզում եք` անունը դրեք, ուզում եք` շաքար դրեք, դրանից չի քաղցրանալու, չի լուծվել խտրականության հարցը, և համերաշխության սկզբունքը պահպանված չէ: Եթե նոր կառավարությունը այսպես է սկսում, ուրեմն նույն ճակատագրին է արժանանալու, ինչ նախորդը»,- եզրափակել է Ռուստամյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ նկատել է, թե իրենք չեն ուզում առանց օրենքները կարդալու և հանրության կարծիքն իմանալու՝ քվեարկել։ Մինչդեռ, ըստ նրա, ԱԺ-ում առանց օրինագծերին ծանոթանալու քվեարկելով՝ պատգամավորները խաղում են հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ։

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ մեկ բան ակնհայտ է՝ 2017թ. հուլիսի 1-ին լինելու է նոր խորհրդարան և նոր կառավարություն։ «Չափազանց մեծ է հավանականությունը, որ խորհրդարանի պատկերը և կառավարության կազմը լինելու է ամենևին այլ։ Ես լիազորված եմ ԲՀԿ կուսակցության ղեկավարության կողմից ասել, որ ԲՀԿ-ն՝ իր քաղաքական գործընկերների հետ մեկտեղ, խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալու և նոր կառավարություն կազմելու պարագայում այս դրույթը փոխելու է, վերանայելու է։ Եվ մեր հարյուր հազարավոր մասնավոր սեկտորի աշխատողները կարող են սա համարել որպես ԲՀԿ-ի նախընտրական դրույթներից մեկը»,-ասել է նա։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---