7  02.07.14 - «Էներգետիկայի շաբաթ 2014» ցուցահանդեսի բացում

Նախարարը «ոգևորված չէ» էլէներգիայի նոր սակագնով. Քառյակը ՍԴ դիմելու հիմքեր ունի (թարմացված)

Նախարարը «ոգևորված չէ» էլէներգիայի նոր սակագնով. Քառյակը ՍԴ դիմելու հիմքեր ունի (թարմացված)

PanARMENIAN.Net - ԱԺ չորս խմբակցությունները հուլիսի 2-ին համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել` ամփոփելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի շուրջ ծավալված իրադարձությունները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, թե քառյակի ներկայացուցիչները նախօրեին մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին և հիմնավոր փաստարկներ ներկայացրել, թե ինչու հոսանքի գինը չպետք է թանկանա: Սակայն հանձնաժողովի անդամների և արտադրող ընկերությունների ղեկավարների կողմից որևէ հակափաստարկ չի հնչել, ու նրանք միաձայն քվեարկել են թանկացման օգտին: Մելքումյանը նշե, որ եթե այս կերպ շարունակվի, էլեկտրաէներգիայի գինը կշարունակի թանկանալ տարեցտարի: «Պետությունը կարող է այս քայլերը իրականացնել` մեղմելու համար, և խնդիրը ոչ թե մասնագիտական դաշտում է, այլ քաղաքական, և մենք երեկ ականտեսը եղանք` որոշումը միայն քաղաքական դաշտում է»:

Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովում հուլիսի 1-ին կայացել է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը, որի արդյունքում էլէներգիան օգոստոսի 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու որոշում է ընդունվել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասել է, որ, իր կարծիքով, որոշումը քաղաքական էր: Ըստ նրա` ՀԾԿՀ «կրակն է ընկել» քաղաքական որոշումների ձեռքին, որն իրականացնում է իշխանությունը: Հակոբյանի խոսքով` քառյակը երբեք չի գնացել կատեգորիկ մերժման, գնացել է այլընտրանքի ճանապարհով, առաջարկել է լուծումներ, ու այս դեպքում էլ իրենք գնալու են նման քայլի, որովհետև տեսնում են, որ կան մութ գործարքներ:

«Կտեսնեք, որ այն ինչ արվում է, կարող է ընդհանրապես չարվել, միայն եթե կարողանանք թափանցիկ ապահովել, թե ինչպես է գործում համակարգը: Այո, փակ տարածք է, չկա թափանցիկ հայացք, որ վերահսկենք` ինչ է կատարվում այստեղ: Սա հակաօրինական է, ու քառյակը բավական ուշադիր է սրա նկատմամբ»,- նշել է նա` հավելելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կյանքը մոտավորապես տասը տոկոսով թանկանալու է:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասել է, թե իշխանությունները վստահ էին, որ հանձնաժողովը քվեարկելու է էլեկտրաէներգիայի թանկացման օգտին: «Իրենք հարյուր տոկոսով գիտեին, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը խելոք, ղզիկ-մզիկ քվեարկելու է, ու բոլորը հայացքները ներքև քվեարկեցին: Փաստ էր, որ որոշումը քաղաքական էր: Այս անգամ մեր արգումենտները և քաղաքական էին, և ֆինանսական»,- շեշտել է ՀԱԿ պատգամավորը` ավելացնելով, որ ՀԾԿՀ-ն սուսիկ-փուսիկ կատարում է իշխանության պատվերը, ու բացարձակ անկախ մարմին չէ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ իշխանությունները ցանկացած իրավիճակում, որտեղ սոցիալական, քաղաքական հնչեղության հարցեր են առաջանում, բացահայտում է իր իսկ սնանկությունը: Նա նշել է, որ մենք ականատես ենք փլուզվող տնտեսության, ապա հավելել, որ իշխանությունները ունեն ֆինանսական միջոցների կարիք, որոնց համար կա երկու աղբյուր, գրում է «Հետքը»:

«Առաջին աղբյուրը ժողովրդից կորզելն է, ինչ հնարավոր է, ինչ մնացել է, մյուսն էլ՝ դրսից պարտքեր բերելը: Մենք ունենք էներգետիկ համակարգ, որը պետք է տնտեսության շարժիչ ուժը դառնար, բայց այդ համակարգը իր ուժը կորցնում է: Մենք եղել ենք էներգիայի արտահանող, բայց սա էլ հարվածի տակ է, որովհետև պարզվում է, որ մենք էներգիա Վրաստանից ստանում ենք: Ուստի կա տնտեսությունը փրկելու կարիք: Հանրային ծառայությունները կարգավորող մարմինն էլ իր դերի մեջ չէ, չի կատարում իր քայլերը, գործառույթները, և այստեղ հիմք կա Սահմանադրական դատարան դիմելու` օրենքի թերությունները վերհանելու ուղղությամբ: Ճիշտը այն կլիներ, որ հետաձգտվեր քվերակությունը, բայց պատվեր կար վերևից»,- ընդգծել է Ռուստամյանը:

Արամ Մանուկյանը նշել է, թե քառյակը էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ որոշում չունի, բայց այն, որ կարելի է թանկացում չանել, համոզված է. «Մենք ուզում ենք իշխանությանը համոզել, որ թանկացման չգնան, որովհետև արտագաղթ է տեղի ունենալու, գնաճ: Գուցե անհույս լավատեսություն է` համոզենք հետ կանգնեն այս խնդրից, բայց մենք նպատակ չունենք նրանց խարազանելու»:

«Սակագնի բարձրացմամբ զբաղվելը հաճելի գործ չէ, և եթե մեղմ արտահայտվեմ, ապա ես էլ ոգևորված չեմ սակագների բարձրացումից, սակայն կան հարցեր, որոնք պետք է լուծումներ գտնեն»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ, որքանով էր հիմնավորված:

Նրա խոսքերով` Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկայի համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիմնավորումներից հետո, համարում է հիմնավոր և նպատակային:

«Ուղղակի սակագների թանկացումն այսօր անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորած երկրի էներգետիկայի անվտանգությունը և ամբողջ էներգոհամակարգի հետագա կայուն աշխատանքը»,- ասաց Ե.Զախարյանը: Ըստ նախարարի` սակագնի բարձրացումով բոլորն էլ մտահոգ են: Դրանով է պայմանավորված նաև ՀՀ նախագահի առաջարկությունը վարչապետին, որպեսզի գտնեն տարբերակներ` մեղմելու սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով ընտանիքների համար: Վարչապետի կողմից, ըստ Ե.Զախարյանի, համապատասխան նախարարություններին արդեն տրվել է հանձնարարություն` մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին որոշում: Նախարարը նշեց, որ որոշման նախագիծը, հավանաբար, կքննարկվի ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում, հայտնում է Panorama.am-ը:

Արդեն երեկոյան Հանրապետության նախագահը վարչապետին առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելուեղանակներ գտնել: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին մշակել մոտ 105․000 սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Հուլիսի 3-ին այն պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը:

«Այստեղ միտք հնչեց, որ հանրությունը, երբ ինչ-որ բանի դեմ է, ապա պետք է կանգնեցնել ու չքվեարկել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է լավագույնս կատարի իր գործը: Մենք վաղուց ու մանրամասն ուսումնասիրում ենք այս երևույթները` ցանկացած սակագնի վերանայում պետք է լրջագույնս հիմնավորում ունենա: Ես ձեզ բոլորիդ կարող եմ ասել` եթե կգտնեք մի ռեզերվային աղբյուր, որը կարող է սակագնի փոփոխության չբերել, մենք ժամանակ ունենք մինչև օգոստոս և պատրաստ ենք դա քննարկել: Իհարկե աղքատություն կա և սա սոցիալական բեռ է իր հետ առաջացնում, սրանք լուրջ հետևանքներ են, բայց այդ հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին»,- նիստի եզրափակիչ ելույթում հայտարարել է Նազարյանը:

Նա զգուշացրել է, որ «եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այդ համակարգին, ապա համակարգի կայունությունը կարող է խարխլվել և մենք ավելի շատ կտուժենք, քան սոցիալական բեռն է իրենից ենթադրում»: «Մեծ սիրով ես ընդհանրապես այս նիստը չէի հրավիրի, բայց տա Աստված յուրաքանչյուր օղակ կատարի իր գործը. ես ավելին չեմ կարող ասել, անել: Ցույց տվեք այդ ռեզերվները.... համենայնդեպս, մենք դրանք չենք տեսնում համակարգի ներսում»,- հավելել է Նազարյանը, հարցը դրել քվեարկության և հայտարարել, որ որոշումն ընդունվել է: Զուգահեռ ՀԿԾՀ նիստում, որի աշխատանքներն ընթանում էին դրսում հավաքված ակտիվիստների «Ամոթ, ամոթ» գոչյունների տակ, հայտարարվել է, որ էներգետիկ համակարգում ճեղքվածքը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, ինչն էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտություն է առաջացրել:

Հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

ՀԾԿՀ-ն շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված։ ՀԾԿՀ-ն, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---