Անկանխիկ ազատություն. Վարկավորման նոր հնարավորություն ՀՀ բոլոր բանկերի քարտապանների համար

Անկանխիկ ազատություն. Վարկավորման նոր հնարավորություն ՀՀ բոլոր բանկերի քարտապանների համար

PanARMENIAN.Net - Ամառային հանգստին ընդառաջ Ամերիաբանկը ներկայացնում է ՀՀ բանկերի քարտապանների համար հատուկ մշակված «Անկանխիկ ազատություն» քարտային արշավը: Հանգստի մեկնելու ինչպես և շտապ ֆինանսական ծախսերը հոգալու համար բանկն արշավի շրջանակներում առաջարկում է վարկային գիծ` առանց սպասարկման վճարի մինչև տարեվերջ:

«Մենք ուզում ենք փոխել վարկի տրամադրման մոտեցումը: Մինչև այժմ անձի վարկունակությունը ստուգելու համար պահանջում էին եկամտի մասին տեղեկատվություն, ինչը բավական ժամանակատար էր: Իսկ հիմա մենք գնահատելու ենք ոչ թե մարդու եկամուտները, այլ` անկանխիկ ծախսերը: Մեր կարծիքով դա վարկունակության շատ ավելի լավ ցուցիչ է, թե մարդը ինչքան գումար է ծախսում և ինչպես»,- հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով նոր արշավի սկզբունքները, ասաց բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ջրբաշյանը հավելեց, որ բանկը լուրջ վերլուծական, տեխնիկական ներդրումներ է կատարել, ինչը թույլ է տալիս կարժ ժամանակում վերլուծել ոչ միայն իրենց, այլև ՀՀ բոլոր բանկերի քարտապանների քարտային պատմությունը:

«Սա աշխարհում արդեն ընդունված մոտեցում է, քանի որ ծախսը միշտ ավելի հստակ է, քան եկամուտը»,- ասաց բանկի զարգացման գծով տնօրենը:

Ջրբաշյանը հիշեցրեց բանկի վերջին նորարարության մասին` նշելով, որ Ամերիաբանկի քարտապանների համար ստեղծված է սպասարկման առանձնահատուկ հնարավորություն. աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի հնարավոր է դառնում օգտվել քարտերի սպասարկման 24/7 համակարգից: Բանկի քարտապանները կարող են նաև կատարել փոխանցումներ քարտային հաշվից և օգտվել Online Ameriabank հարմարավետ ծառայությունից:

«Անկանխիկ ազատություն» քարտային արշավի շրջանակում, վերջին 6 ամիսների ընթացքում ունենալով միջին ամսական անկանխիկ շրջանառություն առնվազն 80.000 ՀՀ դրամի չափով, քարտապանին հնարավորություն է ընձեռվում արագ և պարզեցված ընթացակարգով ստանալ հատուկ պայմաններով վարկային գիծ:

Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանն էլ նշեց, որ արշավի նպատակներից մեկն է խրախուսել անկանխիկ գործարքների ավելացումը:

«Ամերիաբանկը թեև Հայաստանում առաջատարը չէ քարտերի քանակով, սակայն արդեն մի քանի տարի է առաջին տեղն է զբաղեցնում քարտապանների անկանխիկ գործարքների քանակով: Մեր նպատակն ինչպես նոր քարտապանների գրավելն է, այնպես էլ անկանխիկ գործարքները խրախուսելը: Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկի քարտերի թիվն ավելացել է 50%-ով, անկանխիկ գործարքներինը` 40%: Մեր նպատակն է մինչև տարեվերջ քարտերի թիվը հասցնել 65000-ի, և կանխատեսում ենք, որ 2014-ին մեր քարտերով անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 13-14 մլրդ դրամ»,- ասաց նա` ներկայացնելով նոր արշավի մանրամասները:

Բարսեղյանի խոսքով` վարկային գիծը տրամադրվում է 150.000-1.500.000 ՀՀ դրամ սահմանաչափով և քարտապանի անկանխիկ գործառնությունների`

• մինչև 6-ապատիկի չափով այն դեպքում, երբ քարտապանը չունի վարկային պատմություն կամ վարկի ժամկետանց օրերի ընդհանուր քանակը նախորդ երկու տարվա ընթացքում չի գերազանցում 30-ը (յուրաքանչյուր դեպքը չպետք է գերազանցի 10 օրը):

• մինչև 8-ապատիկի չափով այն դեպքում, երբ վարկի ժամկետանց օրերի ընդհանուր քանակը նախորդ երկու տարվա ընթացքում չի գերազանցում 10-ը (յուրաքանչյուր դեպքը չպետք է գերազանցի 3 օրը):

• մինչև 10-ապատիկի չափով այն դեպքում, երբ քարտապանն ունի վարկային պատմություն և երբեք չի ունեցել որևէ ժամկետանց պարտավորություն:

Արշավը գործում է հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

Անդրադառնալով ՓՄՁ-ների վարկավորմանը` Արման Բարսեղյանը նշեց, որ Ամերիաբանկը հանդես է գալիս հատուկ արշավով, ինչը հնարավորություն կընձեռի օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկավորման նոր առավելություններից: «Բումերանգ» արշավի շրջանակում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկն այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ:

Արդյունքում`տեղափոխվող վարկի գումարի 1%-ը Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանա այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և Բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը:

Ներկայացված առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆտ)` 10 մլն-100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակում վարկերը տրամադրվում են նվազագույնը երեք տարի մարման ժամկետով:Արշավն ուժի մեջ է մինչև օգոստոսի 31-ը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---