Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

PanARMENIAN.Net - ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին` Լևոն Հայրապետյանին: Հայրապետյանի դեմ միջոցառումները տեղի են ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի` «կինգիսեպյան» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակում, որին վերագրում են տասնյակ պատվիրված սպանություններ, հայտնում է Rosbalt-ը:

Հղում անելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրներին` գործակալությունը հայտնում է, որ Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին, մոտ օրերս քննիչները մտադիր են Մոսկվայի Բասմանի դատարան Հայրապետյանի կալանվորման մասին միջնորդություն ներկայացնել:

Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը`Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար:

Գործակալության տվյաներով, Իզմեստևը, որ հիմա ցմահ ազատազրկման է դատապարտված սպանությունների ու ահաբեկչությունների կազմակերպման համար, 2014-ի ամռանը քննիչներին անհայտ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու ցանկություն է հայտնել: Նախկին սենատորին գաղութից տեղափոխել են Մոսկվա, որտեղ նա հայտարարել է, որ որոշ հանցագործություններում ներգրավված է նաև Լևոն Հայրապետյանը: Մասնավորապես, խոսքը «Բաշնեֆտ» ընկերության հետ կապված կրիմինալ և տնտեսական բնույթի վեճերի մասին է: Արդյունքում Քննչական կոմիտեն Հայրապետյանի` Մոսկվայում հայտնվելու դեպքում ձերբակալման մասին որոշում է ընդունել (Հայրապետյանը բնակվում է Մոնակոյում):

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949-ին, երկար տարիներ աշխատել է որպես լրագրող «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում: Մասնագիտական հետաքրքրությունների հիման վրա ծանոթացել է բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչների, մասնավորապես` վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի և Բաշկիրիայի նախագահ Մուրթազ Ռախիմովի հետ, որոնց հետ ընկերական հրաբերություններ է հաստատել: Քննիչները նշում են, որ ժամանակին հենց Հայրապետյանն է Իզմեստևին ծանոթացրել Ռախիմովի հետ:

Այնուհետև Հայրապետյանը որոշել է գործարարությամբ զբաղվել, այդ թվում՝ նավթի առաքմամբ։ Նա կարողություն է կուտակել ու տարեցտարի հայտնվում է աշխարհում հայկական սփյուռքի ամենահարուստ մարդկանց ցուցակում (զբաղեցնում է 10-րդ տեղը), որը գլխավորում է գործարար Քըրք Քըրքորյանը։

Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցել է Արցախի անկախության կայացմանն ու համարվում է ԼՂՀ գլխավոր հովանավորներից մեկը։ Գործարարը նաև լոբբիստական աշխատանքներ է տանում աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ հարցի շրջանակում նա նաև հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, գրում է Rosbalt-ը։

Քննչական կոմիտեի վարկածով, 1992-ի վերջին Ֆինագինը Մոսկվայում ու երկրի մյուս տարածաշրջաններում քաղաքացիների ու կազմակերպությունների վրա հարձակման համար կազմակերպված հանցավոր խմբավորում է ստեղծել։ Կազմակերպիչներից մեկն ու խմբավորման ղեկավարը Իգոր Իզմեստյեվն էր։

Նա, ինչպես նաև մի շարք այլ մարդիկ, ղեկավարում էին հանցախումբը, այն ապահովում գումարով, զենքով, մեքենաներով ու կապի միջոցներով։ Նրանք ունեին հրազենային ու սառը զենք, ռազմամթերք ու պայթուցիկներ։ Դավադրության համար խմբավորման անդամները կեղծ փաստաթղթեր էին օգտագործում, բնակարաններ ու ավտոտնակներ վարձակալում։ Ըստ քննիչների, հանցախումբն ավելի քան 20 ծանր ու հատկապես ծանր հանցագործության հեղինակ է, այդ թվում՝ տասնյակ սպանությունների։

Իմիջիայլոց, վերջերս այս գործով Թաիլանդում ձերբակալվել էր ու Ռուսաստանին արտահանձնվել «շչելկովյան» խմբավորման առաջնորդ Ալեքսանդր Մատուսովը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---