ՀՀ-ն պատրաստ է սկսել վիզային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը ԵՄ-ի հետ. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

ՀՀ-ն պատրաստ է սկսել վիզային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը ԵՄ-ի հետ. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանըհուլիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշել է` Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա:

«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանն ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵՄ շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:

Նա շեշտել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախարարը նշել է, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է սկսելմուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:

2013 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՄ հետ համաձայնագիրը վիզային ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի մասին: Վավերացված համաձայնագրերն ուժ մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից:2013 թվականի հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վիզային ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի մասին համաձայնագրին ԵՄ ու Հայաստանի միջև: Ըստ նոր կանոնների, կպարզեցվի վիզաների տրամադրումը, գինը կնվազի, կկրճատվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2012 թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին համաձայնագիրը: Նոր կանոնները կարագացնեն մուտքի արտոնագրերի հանձնման ընթացակարգը (որոշումը կընդունվի տասը օրվա ընթացքում, արտակարգ դեպքերում մինչև երկու օր և ավելի պակաս ժամանակահատվածում)։ Մուտքի արտոնագրերն ավելի էժան կլինեն (նախկին 60 եվրոյի փոխարեն վճարը կկազմի 35 եվրո), կկրճատվի դեսպանատներ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը (փաստաթղթերի ցուցակը կկրճատվի մտերիմ հարազատների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, ուսանողների, գործարարների, լրագրողների, գիտնականների համար և այլն): Դյուրացվել է նաև բազմակի այցելության համար նախատեսված մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը։ «ՀՀ քաղաքացիները, ովքեր դիվանագիտական անձնագրեր ունեն, ազատված են կարճաժամկետ ժամանման համար մուտքի արտոնագրեր ստանալու անհրաժեշտությունից»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին` նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը: Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է:

Հայ-թուրքական սահմանի երկարությունը 280 կմ է: Թուրքիան այն փակեց 1993 թվականին՝ սատարելով Ադրբեջանին: Այժմ սահմանն ըստ ՌԴ հետ պայմանագրի պահպանում են հայ և ռուս սահմանապահները:

Ըստ աղբյուրի, իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Հերբերտ Սալբերի նշանակումը` որպես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, հաջողություն մաղթել նրան իր առաքելության մեջ։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ, և ափսոսանք հայտնել` Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության առթիվ, որը դրսևորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:

«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման: Մենք նաև բարձր ենք գնահատում ԵՄ կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---