ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ-ին․ ՌԴ դեմ պատժամիջոցների ցանկի ընկերությունների հետ գործակցությունը ռիսկային է (թարմացված)

ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ-ին․ ՌԴ դեմ պատժամիջոցների ցանկի ընկերությունների հետ գործակցությունը ռիսկային է (թարմացված)

PanARMENIAN.Net - Երևանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանն ու գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում: Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, իրենք բոլոր պետություններին ու դրանց ռեզիդենտներին հորդորում են «հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են ԱՄՆ ու մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին»:

Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեսպանատան հաղորդագրությունում նշված է․«Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության, Ղրիմի բռնակցման ու Ուկրաինային ինքնիշխանության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների հետ կապված՝ հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13․662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների և մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ: Այս քայլը ձեռնարկելուց առաջ Միացյալ Նահանգները բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ դրանք սերտորեն համակարգելով գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի ու Յոթնյակի հետ, ովքեր նույնպես մատնանշել են անձանց, ովքեր պատասխանատու են արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հուլիսի 29-ին ընդլայնեցին տնտեսական ոլորտում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Դրանք ընդգրկում են ֆինանսական հատվածը, ռազմական արդյունաբերությունն ու էներգառեսուրսները։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայ գործարարները շարունակում են աշխատել բնականոն հունով և Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցները նրանց դեռևս մտահոգվելու առիթ չեն տալիս:

Հարցին, թե պատժամիջոցները ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների, մասնավորապես` Հայաստանում գործող «Գազպրոմբանկ»-ի ու ՎՏԲ բանկերի վրա, Ղազարյանը պատասխանել է, որ չնայած դրանց մայր գրասենյակները գտնվում են ՌԴ-ում, դրանք գործում են ՀՀ օրենսդրությամբ, այդ պատճառով էլ պատժամիջոցները ֆորմալ առումով դրանց չեն վերաբերում:

«Եվ շահույթը, և հարկերը ստանում և վճարում են ՀՀ-ում` գործելով ՀՀ օրենսդրությամբ»,- ասել է նա:

Անդրադառնալով ՀՀ կառավարությանը և գործարարներին ուղղված ԱՄՆ դեսպանատան զգուշացումներին, Ղազարյանը նշել է. «Դեսպանատան հայտարարությունն այն շաբլոնն է, որ նրանք ստացել են ԱՄՆ Պետդեպարտամենտից և տարածում են աշխարհով մեկ: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով, տնտեսական կապերով առայժմ առանձնանում է, մենք դա պետք է ի գիտություն ընդունենք»:

Պատժամիջոցների ցուցակում են այնպիսի խոշոր ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմբանկը», Զարբացման ու արտաքին տնտեսական գործունեության բանկը, «Նովատեկն» ու «Ռոսնեֆտը», ՎՏԲ-ն, Մոսկվայի ու Ռոսսելխոզբանկը։ Այդ ընկերությունների համար սահմանափակվել է կապիտալի ու ֆինանսների շուկան։ Նշված ընկերություններից ՎՏԲ-ն ու «Գազպրոմբանկը» ներկայացված են Հայաստանի ֆինանսական շուկայում։ Բացի այդ, պլանավորվում է, որ «Ռոսնեֆտը» մոտ 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ պետք է անի հայկական քիմհսկա «Նաիրիտի» վերագործարկման համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---