Էրդողանին դատի են տալիս հայերի հանդեպ ատելության հրապարակային դրսևորման համար

Էրդողանին դատի են տալիս հայերի հանդեպ ատելության հրապարակային դրսևորման համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ, CHP) պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմի ու ատելության դրսևորման համար:

Ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում՝ Էրդողանը, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանքներ իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»,- ասել է Էրդողանը:

CNN լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»: Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայց է ներկայացնելու, գրում է Panorama.am-ը:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հայտարարել է Էրդողանը դրան նվիրված ելույթում, օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան երկրի պատմության մեջ: «Եթե ինձ ընտրեք նախագահ, ես կպաշտպանեմ ժողովրդի շահերը»,-խոստացել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն և «Ազգայնական շարժման» նախագահ Դևլեթ Բախչելին միասնական թեկնածու առաջադրեցին՝ Էքմելեդդին Իհսանօղլուին: Դատախազական «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» իր թեկնածու հայտարարեց Սելահադդին Դեմիրթաշին:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում օգոստոսի 10-ին են: Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա անհրաժեշտ ձայների 51 տոկոսը, երկրորդ փուլը կանցնի օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահության 7-ամյա ժամկետն ավարտին է մոտենում օգոստոսի 28-ին:

Էրդողանի թեկնածությունն առաջադրելուն գրեթե անմիջապես հաջորդեց ընդդիմադիր Taraf թերթի հրապարակումը՝ «Էրդողանի երկրորդ ժեստը Հայաստանի հանդեպ» հոդվածը, որտեղ ասվում էր, թե Էրդողանը մտադիր է հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված երկրորդ քայլը ձեռնարկել:

Հոդվածում ասվում է, որ Էրդողանի առաջին քայլ «ցավակցական ուղերձն էր»: «Հայկական սփյուռքը 2015-ի շեմին լայնածավալ գործողություններ է իրականացնում ներկայացնելու համար աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը միջոցներ է ձեռնարկում հայերին հակազդելու համար: Որպես առաջին քայլ վարչապետ Էրդողանը ցավակցություն հայտնեց 1915 թ. իրադարձությունների ժամանակ զոհված հայերի թոռներին: Ընդ որում, ցավակցական ուղերձը հրապարակվեց նաև հայերեն»,-գրել է թերթը:

Ըստ թերթի, երկրորդ քայլը կդառնա Հայաստանի հետ սահմանի բացումը: «Թուրքիայի կառավարությունը երկրորդ փուլում մտադիր է բացել 1993 թ. փակված սահմանը Հայաստանի հետ: Տեղեկություններ կան, որ Թուրքիայի վարչապետն արդեն իսկ կարգադրել է ավարտել նախապատրաստական աշխատանքները Ալիջան հսկիչ սահմանակետի բացման ուղղությամբ, որտեղ աշխատանքները սկսվել էին դեռ 2012 թվականին: Այս ընթացքում նորոգվել և ասֆալտապատվել է դեպի անցակետ տանող 7-կիլոմետրանոց ճանապարհը: Անցակետը հագեցվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով: Չնայած, որ սահմանի բացման ժամկետը ճշտված չէ, այնուամենայնիվ, լուրեր են շրջանառվում, որ, հավանաբար, դա տեղի կունենա սեպտեմբերից հետո»,-ասվում է հոդվածում:

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է այս տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---