Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչը «հանկարծամահ է» եղել

Ադրբեջանում գերեվարված Չինարիի բնակիչը «հանկարծամահ է» եղել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որն օգոստոսի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու Թովուզի շրջանում ձերբակալվել, այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Այդ մասին հայտարարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես մահվան պատճառ նշելով «սիրտ-անոթային անբավարարությունը»։

Ըստ ադրբեջանական Haqqin.az-ի՝ այժմ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է, գրում է Ռազմ․info-ն։

Հայկական կողմն առայժմ պաշտոնապես չի արձագանքել միջադեպին, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին միայն հայտնել էր, որ միջադեպի հետ կապված տեղեկությունները ճշտվում են։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով, Կարենը մտավոր թույլ էր, տառերը, գրել-կարդալ չգիտեր, հաշվել չէր կարողանում: «Նա միայն 1 թիվը գիտի, 2-ը չգիտի»,- նշել է նա, գրում է «Առավոտ»-ը:

Ադրբեջանական կողմը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ Կարենի հեռախոսի հիշողության մեջ հայ զինվորականների ու ռազմական տեխնիկայի լուսանկարներ կային: Սաղոյանի խոսքով, Կարենի հեռախոսն անգամ լուսանկարելու հնարավորություն չունի: Գյուղապետի վկայությամբ՝ սահմանը հատելու նախորդ գիշեր երիտասարդը տանը չի գիշերել: Առավոտյան ցանկացել է համագյուղացի մի երեխայի իր հետ վերցնել՝ վառելափայտ բերելու, սակայն այդ տղան տանը չի եղել ու մենակ է գնացել:

Կարենը մոտ 100-130մ խորացել է անտառում, ապա ևս 250 մ բացատ անցել ու հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում: Գյուղապետի խոսքով, Պետրոսյանն այդ օրը եղել է ոչ սթափ վիճակում: Նրա եղբայրն ու քույրը Ռուսաստանում են, մայրը՝ հիվանդ, հոգեմետ դեղեր է ընդունում: Կարենի հորեղբոր որդին՝ Պետրոս Պետրոսյանը, տեղեկացրել է, որ Կարենն այդ օրը ոչ թե զինվորական հագուստով, այլ սպիտակ մարզակոշիկներով ու կապույտ բլուզով է եղել։

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---