Գրոհայինները գազի հրթիռներ են արձակել Հալեպի Նոր Գյուղ թաղամասի վրա. 3 հայ է զոհվել, կան վիրավորներ

Գրոհայինները գազի հրթիռներ են արձակել Հալեպի Նոր Գյուղ թաղամասի վրա. 3 հայ է զոհվել, կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայինները գազի հրթիռներ են արձակել Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի վրա: Պայթյունի արդյունքում կան զոհեր՝ Մելքոն Պալյանը, նրա եղբայր Ժիրայր Պալյանը և Հարություն Սարգսյանը: Կան նաև վիրավորներ, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Գանձասար» թերթը:

Ըստ պարբերականի, օգոստոսի 9-ի հրթիռակոծությունը նաև մեծ նյութական վնաս է պատճառել:

Հունիսին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նախաձեռնեց #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի հայ բնակչությունը, որը քաղաքի բնակիչների մեկ չորրորդն է կազմում, վերջին օրերին գնդակոծվում է զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածել են աղետի գոտու:

ANCA-ն կոչ է անում հեռաձայնել կամ գրել նախագահ Օբամային և կոչ անել անհապաղ միջամտել. առաջինը, դադարեցնել Հալեպի քրիստոնեական թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, և երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA-ի հարցմանը Քեսաբի վրա Թուրքիայի հարձակման դերի մասին:

Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել, հասցեագրված Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար Նոր Գյուղի հայ բնակչության բնաջնջումը:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---