Հայաստանից արտահանվող մթերքը ՌԴ-ում պահանջված է. ԱԱՊ-ն կդյուրացնի արտահանման գործընթացը

Հայաստանից արտահանվող մթերքը ՌԴ-ում պահանջված է. ԱԱՊ-ն կդյուրացնի արտահանման գործընթացը

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ գյուղատնախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդիրը:

Ավելի վաղ «Արմնյուզ» հեռուստաընկերությանն իր հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, նշել էր, որ ՌԴ-ն նույնպես պատժամիջոցներ է կիրառել տարբեր երկրների հանդեպ, ինչը նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել գյուղատնտեսական մթերքների հայ արտադրողների համար: Նախագահը հավաստիացրել էր, որ ՀՀ կառավարությունը խրախուսելու է հայ արտադրողներին, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն, ինչպես նաև ստեղծելու է բոլոր հնարավորությունները, որ այդ մթերքը Ռուսաստանում իրացվի:

Նախարարը նշել է, որ արտահանման գործընթացն արդյունավետ կազմակերպելու դեպքում հայ արտադրողները հնարավորություն ունեն կրկնապատկել արտադրանքի ծավալները: Նրա խոսքով նաև, ի տարբերություն խոշոր արտադրողների, որոնք դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցում դժվարությունների առջև չեն կանգնի, փոքր և միջին ընկերությունները կարող են մի շարք խնդիրների բախվել: Գերատեսչության ղեկավարը խոստացել է հնարավորինս աջակցել նրանց՝ արտահանման գործընթացը կազմակերպելու հարցում ու կենտրոնացված արտահանումներ կազմակերպելու համար առաջարկել գործակցել «Սպայկա» ընկերության հետ:

«Սպայկա»-ն Հայաստանի առաջատար բեռնափոխադրող ընկերություններից է, որը զբաղվում է միջազգային ավտոբեռնափոխադրումներով Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի տասնյակ ավտոմեքենաներով իրականացնում է ցանկացած տեսակի բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:Թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում մասնագիտական գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում ընկերությունը ճանաչվել էհանրապետությունում համար մեկ արտահանողը:

Նախարարի համոզմամբ, հայկական փոքր և միջին ընկերությունների արտադրանքը` միսն ու մսամթերքը, կաթնամթերքը, չիրն ու պահածոները, խոշոր ձեռնարկությունների արտադրանքի հետ մեկտեղ նույնպես բավական որակյալ են ու մրցունակ, և ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ կունենան:

Իր հերթին ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ ներկայումս մեր երկրից արտահանվող գյուղմթերքն այնտեղ բավականին լավ է իրացվում և անսպառ պահանջարկ կա: Նա հորդորել է փոքր և միջին ընկերություններին համախմբվել պետական հովանու ներքո՝ իրենց արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար:

Հանդիպմանը ներկա Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը հավաստիացրել է, որ քայլեր կձեռնարկեն արտահանման գործընթացը դյուրացնելու, մասնավորապես՝ ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները կրճատելու և արտահանման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացրել, որ պալատն աշխատելու է առանց հանգստյան օրերի:

Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև ապրանքների գնին և նշել օրինաչափությունը, որ արտադրողը ձգտում է թանկ վաճառել, իսկ գնորդը՝ ապրանքը ձեռք բերել մատչելի գնով, բայց ապրանքի գինը ձևավորվում է շուկայում և պետք է նկատի ունենալ, որ առկա շուկայական մրցակցության պայմաններում անհրաժեշտ է առաջարկել խելամիտ և մրցունակ գին:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարը կոչ է արել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը, ընդգծելով, որ առաջիկայում լարված աշխատանք է սպասվում:

Աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով նախարարությունում ստեղծվել է արտահանումների աջակցության աշխատանքային խումբ՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ, որին խնդիրների դեպքում ընկերությունները կարող են դիմել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---