Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ

Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, հայտարարել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Մարիո Պոլին Բուենոս Այրեսի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագի ժամանակ, հայտնում է Prensa Armenia-ն: «Հռոմի պապը պատասխանել է Հայ Կաթողիկե եկեղեցու հրավերին և պատարագ կմատուցի ի նշան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, որը Ներսես Պեդրոս XIX-ը նրան էր փոխանցել դեռ անցյալ տարի»,-ասել է Սբ Նարեկի քահանա Պաբլո Հաքիմյանը:

Անցյալ տարվա հունիսին Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հաստատեց ավելի վաղ հայտնած դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այցի ժամանակ, երբ պատվիրակության անդամներից մեկը նկատեց, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, Պապը հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Պապի այս հայտարարությունը քննադատության արժանացավ Թուրքիայում, այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, թե «Ֆրանցիսկոս պապի արտահայտությունը բացարձակապես անընդունելի է»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է Հայաստան այցելել 2015-ին: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապը 2015 թ. կայցելի Սբ Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կապակցությամբ, հայտարարել էր Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար, վարդապետ Շահեն Անանյանը՝ նշելով, որ այս մասին խոսվել է Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական հանդիպման ժամանակ Հռոմում: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան մեծ խորհրդանշական ազդեցություն կունենա՝ ընդգծելով, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը:

Դեռևս 2006 թվականին Ֆրանցիսկոս Առաջինը, լինելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը, կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես եկավ Բուենոս Այրեսում՝ Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Ոգեկոչման արարողության ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակեց որպես «ծանր ոճիր ընդդեմ մարդկության և հայ ժողովրդի, որ իրագործել է Օսմանյան Կայսրությունը»՝ կոչ անելով Անկարային ճանաչել այն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---