Իսրայելցի քաղաքագետն այն մասին, թե ինչու Իսրայելն առաջիկայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իսրայելցի քաղաքագետն այն մասին, թե ինչու Իսրայելն առաջիկայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը PanARMENIAN.Net ի հետ զրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին, որը կարող է նախաձեռնել նորընտիր նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Ըստ Ցինկերի, Ռիվլինը միշտ կողմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, չի բացառվում, որ նա հանդես գա նման նախաձեռնությամբ, սակայն Իսրայելը խորհրդարանական պետություն է: Իսրայելի նախագահը, նշել է քաղաքագետը, չի կարող միանձնյա որոշում կայացնել, բոլոր որոշումները պետք է վավերացվեն Քնեսեթում:

Ալեքսանդր Ցինկերը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա ազդող ևս մեկ գործոն է համարում հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք այժմ վատթարագույն վիճակում են իսրայելա-թուրքական գործակցության ողջ պատմության կտրվածքով: «Թուրքիայի գործող իշխանության օրոք այդ երկիրը, Սիրիայի ու Իրանի հետ մեկտեղ, դարձել է Իսրայելի թշնամին: Թուրքիան իր ակտիվ գործողություններով Գազայում սատարում է դիմակայությանը, ոչ թե նպաստում հաշտեցմանը»,-ասել է փորձագետը՝ մատնանշելով Գազայի հատված նոր «խաղաղ» նավատորմ ուղարկելու Թուրքիայի մտադրությունը և աջակցությունը ահաբեկչական ՀԱՄԱՍ-ին: Սակայն, չնայած, որ հարաբերություններն Անկարայի ու Թել Ավիվի միջև վատթարանում են, Իսրայելում ուժեղ լոբբի է գործում, որը փորձում է կանխել հարաբերությունների չափից ավելի սառեցումը:

Ինչ վերաբերում է անմիջապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, ապա, նշել է քաղաքագետը, յուրաքանչյուրը դա պետք անի, առաջին հերթին, իր ներսում: «Եվ թեև հայկական լոբբին Իսրայելում ուժեղանում է, ինձ չի թվում, որ ուժերը կբավականացնեն Ցեղասպանության հարցը Քնեսեթում քվեարկության դնելու ժամանակ: Չի բացառվում, որ Ռիվլինը 2015-ին այցելի Երևան, քանի որ Իսրայելը ճանաչում է 1915 թվականի ողբերգությունը: Իսկ հենց Ցեղասպանություն այն որակելը դա եզրույթների խաղ է, ինչպես դա անում է ԱՄՆ նախագահ Օբաման, ամեն անգամ տարբեր հոմանիշներ օգտագործելով՝ խուսափելով հանդերձ «ցեղասպանություն» բառեզրից: Ստացվում է, որ բոլորը հասկանում են, բայց չեն ցանկանում իրերն իրենց անունով կոչել: Այնպես որ պարբերաբար մամուլում հայտնվող լավատեսական հրապարակումներին հակառակ հարցի լուծումը դեռ հեռու է: Ցավոք, ես չեմ կարծում, որ Իսրայելն առաջիկայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը:

Նա նաև հայտնել է, որ Իսրայելում պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, լուսանկարչական ցուցահանդես: «Ես աշխատում եմ ցուցահանդեսի կազմակերպման վրա Քնեսեթի շենքում, որտեղ փաստագրական նյութեր կներկայացվեն ու լուսանկարներ Հայոց ցեղասպանության թեմայով»,-ասել է փորձագետը:

Մեկնաբանելով հաղորդագրությունն Իսրայելի ու Հայաստանի նախագահների աշխատակազմերի աշխատակիցների բանակցությունների վերաբերյալ՝ Ցինկերն ասաց, որ այդ փաստն ուրախալի է, եթե իրականում այդպես է, այլ ոչ թե Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց. «Մեր երկրները՝ Իսրայելն ու Հայաստանը, կարող են դաշնակիցներ լինել շատ հարցերում: Կա որոշակի առաջխաղացում տարբեր մակարդակի ծառայությունների գործակցության հարցում»: Ըստ Ցինկերի, էլ ավելի դրական արդյունքներ կարող է տալ շփումների ակտիվացումը կրոնական գծով, այսինքն Հայ եկեղեցու և Իսրայելի ռաբբինաթի միջև:

Նախօրեին՝ օգոստոսի 18-ին, «Վեստնիկ Կավկազա» պարբերականը հայտնեց, որ Իսրայելի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի անդամները ինտենսիվ բանակցում են Իսրայելի կողմից 1915 թ. իրադարձությունները Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչելու շուրջ:

Մասնավորապես, ըստ պարբերականի իսրայելցի թղթակցի, հայկական կողմն առաջարկել է, որ Իսրայելի նորընտիր նախագահ Ռեուվեն Ռիվլինը ի թիվս համաշխարհային այլ առաջնորդների 2015 թվականի ապրիլին այցելի Երևան՝ մասնակցելու ողբերգական իրադարձությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Այնտեղ ունենալիք ելույթում նա կհայտարարի, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչում է, որ 1915 թ. Թուրքիայի այն ժամանակվա կառավարությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ:

Ինչպես հայտնել է Իսրայելի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը, այդ գաղափարն ակտիվորեն առաջ են տանում Իսրայելում հայկական լոբբիի առաջնորդներից ոմանք, թեև հրաժարվել է կոնկրետ անուններ նշել: «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների տեսակետից հիմա լավագույն պահն է դրա համար, հաշվի առնելով լարված հարաբերություններն Իսրայելի ու Թուրքիայի միջև, ինչպես նաև Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ արդեն նախագահ Էրդողանի վերջին ելույթները: Հիշեցնենք, որ Էրդողանն այդ ելույթներում բազմիցս է իսրայելյան բանակի գործողությունները Գազայում համարել «պաղեստինյան բանակի ցեղասպանություն»: Իսրայելն, ինչպես հայտնի է, այդ մեղադրանքները հերքում է՝ հիշեցնելով, որ նույնիսկ պաղեստինցիների տվյալներով 2000 զոհվածների ավելի քան մեկ երրորդը եղել է ՀԱՄԱՍ-ի անդամ, իսկ միջազգային փորձագետների տվյալներով նրանց քանակը կազմում է զոհվածների մոտ 70-75 տոկոսը: Բացի այդ, Իսրայելը պնդում է, որ Գազայի խաղաղ բնակիչները սպանվել են միայն այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվել են որպես «կենդանի վահան»: Ամեն դեպքում, Գազայում կորուստներն անհամեմատելի են 1915 թվականի ողբերգության զոհերի քանակի հետ ըստ բոլոր աղբյուրների»,-ասվում է հրապարակման մեջ:

«Հայոց ցեղասպանության թեման կրկին արծարծվում է Իսրայելում նաև այն պատճառով, որ նախագահ է ընտրվել Ռիվլինը: Նա արդեն բազմիցս է հանդես եկել Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ Լիտվայի խորհրդարանում որպես Քնեսեթի խոսնակ իր ելույթում թույլ տվեց իրեն հայտարարել, որ «Հոլոքոսթն ու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ХХ դարի ամենաողբերգական իրադարձություններն են»: Մինչ այդ բոլոր իսրայելցի քաղաքական գործիչները հրապարակային ելույթներում խուսափում էին նման համեմատականներից: Իսրայելում վստահ են, որ Թուրքիայում և Ադրբեջանում տեղյակ են Ռիվլինի ու Սարգսյանի մերձավորների բանակցությունների մասին, սակայն դեռևս ոչ մի արձագանք Բաքվից կամ Անկարայից չկա, ըստ իսրայելցի դիվանագետների»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---