Հակամարտությունների կանխարգելում. ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դեսպանը խոսել է ադրբեջանական դիվերսիաների ու եզդիների խնդրի մասին

Հակամարտությունների կանխարգելում. ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դեսպանը խոսել է ադրբեջանական դիվերսիաների ու եզդիների խնդրի մասին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի է ունեցել «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև մոտ 60 անդամ-պետության ներկայացուցիչ:

Նիստին երլույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, որը գոհունակություն է հայտնել բաց քննարկման նախաձեռնման համար՝ կարևորելով հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԻ գերագույն հանձնակատարի դերակատարությունը:

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը վեճերի կանխարգելման գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն, նշված ջանքերը կարող են ապարդյուն լինել այն դեպքերում, երբ պետության ղեկավարությունը չի կարողանում ապահովել երկրում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:

«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:

Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշել է, որ հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում, եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել` ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:

«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», - եզրափակել է իր խոսքը ՀՀ դեսպանը:

Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար օգոստոսի 21-ի նիստում ՀՀ Կառավարությունը հատկացրել է 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---