ՌԴ ԱԳՆ. Անհրաժեշտ է Բաքվում հայ գերու մահվան փաստի հանգամանալի հետաքննություն անցկացնել

ՌԴ ԱԳՆ. Անհրաժեշտ է Բաքվում հայ գերու մահվան փաստի հանգամանալի հետաքննություն անցկացնել

PanARMENIAN.Net - Ռուսական կողմը ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց մահով, և ոչ միայն զինված բախումների ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` պատասխանելով Ադրբեջանի կողմից գերեվավրած հայկական գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին:

Լուկաշևիչը ցավակցել է Կ. Պետրոսյանի, ինչպես նաև` իրենց հարազատներին կորցրած մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին ու բարեկամներին:

«Նմանատիպ միջադեպերի մանրամասն հետաքննության անցկացումն անհրաժեշտ ենք համարում: Կոչ ենք անում կողմերին գործնականում կիրառել զոհվածների դիերը վերադարձնելու մասին Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության նախագահների 2010-ի հոկտեմբերի 27-ին համաձայնության դրույթները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ գործակցությամբ»,- հայտարարել է նա:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---