Դե Վաալ. Ադրբեջանն ավելի է հետաքրքրված կոնֆլիկտի վերսկսմամբ, բայց հասկանում է պատերազմի հետևանքները

Դե Վաալ. Ադրբեջանն ավելի է հետաքրքրված կոնֆլիկտի վերսկսմամբ, բայց հասկանում է պատերազմի  հետևանքները

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում հայտարարել է, թե Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակն անհանգստացնող է, քանի որ ամառային ամիսների ընթացքում սահմանային գոտում գրանցվել են ավելի շատ զոհեր, քան ամբողջ 2013 թվականի ընթացքում։

Նրա կարծիքով` ներկա լարումը մասամբ կապված է նաև որոշ արտաքին նախապայմանների հետ․

«Իրավիճակն Ուկրաինայում շեղում է մեծ տերությունների ուշադրությունը, միևնույն ժամանակ Ադրբեջանում գնալով աճում է Մինսկի գործնթացի ոչ արդյունավետ ընթացքի շուրջ զայրույթը, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի միջեւ հարաբերությունների լարումը Մինսկի խմբի հետ համագործակցությունն ավելի է բարդացնում։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադեպերի, նույնիսկ Նախիջևանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում: Կարծում եմ այստեղ լարվածություն սկսելու հարցում Ադրբեջանն էր շահագրգռված, քայնի որ որպես կանոն պարտվող կողմն է հակված իրավիճակը լարելուն: Միևնույն ժամանակ հայկական կողմի ծավալած գործողությունը հուլիսի 31-ին նույնպես հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով մեղքը երկուսինն է»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում:

Նա նաև նշել է, որ Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները բնավ պարզ չեն, քանի որ համատեղ հայտարարություն չի եղել.

«Շատերը հուսով էին, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլիներ գալ զինադադարի վերահաստատման պաշտոնական համաձայնության, սակայն հնչեցին երկու կողմերի ընդհանուր հայտարարություններ, որոնք ժամանակավորապես մեղմեցին լարումը։ Փաստը, որ հանդիպման ընթացքում հնարավոր չի եղել գալ որևէ համաձայնության, որը ընդունելի լիներ կողմերի համար ցուց է տալիս, թե որքան խորն է այս խնդիրը և որքան բարդ դրա լուծումը»,- ասել է դե Վաալը։

Փորձագետը կարծում է` կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի. «Ադրբեջանը` որպես պարտվող կողմ, ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետևանքները: Մյուս կողմից՝ կարծում եմ` կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը»։

Պատասխանելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին, դե Վաալը նշել է, որ Մոսկվան հիմա կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա, որում ներգրավված են ռուսական արտաքին քաղաքականության բոլոր ռեսուրսները. «Կարծում եմ Պուտինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջև հանդես գալ որպես խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն ավարտվեց և Պուտինը վերադարձավ իր օրակարգին»,- հայտարարել է փորձագետը։

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ոչ՛ Ադրբեջանի, ոչ՛ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Ավելին, նախագահները փոխզիջումների գնալով կկորցնեն իրենց ժողովրդայնությունը, մեծ տերություններն էլ զբաղված են այլ խնդիրներով՝ Ուկրաինա, Մերձավոր Արևելք:

«Այսպիսով չկա որևէ կողմ, ում համար խնդրի լուծումը առաջնահերթություն է: Միջազգային համայնքը պատրաստ է կայունության հաստատման ուղղությամբ ջանքեր ձեռնարկել, սակայն պատրաստ չէ անել ավելին.,- նշել է նա:

Նա նաև հավելել է, որ թեև Մինսկի խմբի գործընթացը արդյունավետ չէ, սակայն այլընտրանք այս պահին չկա։

« Կարճաժամկետ առումով խաղաղությունը ձեռնտու է բոլոր կողմերին, իսկ հեռատեսորեն խնդրին նայելիս հասկանալի է, որ այս իրավիճակը որքան երկար շարունակվի, այնքան դրա լուծումը ավելի կբարդանա, այսպիսով ներկա իրավիճակը ձեռնտու չէ և ոչ մի կողմին»,- եզրափակել է փորձագետը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---