Սարգսյան-Ալիև-Քերրի հանդիպումը․ Հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար քաղաքական կամք է պետք

Սարգսյան-Ալիև-Քերրի հանդիպումը․ Հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար քաղաքական կամք է պետք

PanARMENIAN.Net - Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եռակողմ հանդիպումը:

Այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում, տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ Նյուպորտում սեպտեմբերի 4-ին մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը․ վերջինս անցնում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

Պետքարտուղար Քերրին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերրին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են օգոստոսի 10-ին՝ Սոչիում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը։ Նախագահները հաստատել էին ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել էր, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ էր ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում էր այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ էր դիմում` մտցվել էին զորանոցային վիճակներ, արձանագրվել զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվել ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել էր հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում էր ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Photo from Narek Nikoghosyan's FB page
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---