Նախագահը հանդիպել է Հռոմի Պապին. Սրբազան քահանայապետը 2015-ին հրավիրվել է Հայաստան

Նախագահը հանդիպել է Հռոմի Պապին. Սրբազան քահանայապետը 2015-ին հրավիրվել է Հայաստան

PanARMENIAN.Net - Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 19-ին ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է Zenith-ը, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ու կրոնական մյուս փորքամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակը:

Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ զրույցի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեմպերից՝ շեշտելով հայ հասարակության պատմության մեջ ու կյանքում քրիստոնեության ունեցած հատուկ դերը, ասվում է Վատիկանի հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անկայուն իրավիճակը: Սրբազան քահանայապետը հույս է հայտնել, որ բարդ ու մինչ օրս չլուծված հարցերը կարող են հաղթահարվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում: Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքի հակամարտությունը:

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից էլ տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը Սրբազան քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015-ին այցելել Հայաստան: Ֆրանցիսկոս Պապը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան: Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է Հայաստան այցելել 2015-ին: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապը 2015 թ. կայցելի Սբ Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կապակցությամբ, հայտարարել էր Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար, վարդապետ Շահեն Անանյանը՝ նշելով, որ այս մասին խոսվել է Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական հանդիպման ժամանակ Հռոմում: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան մեծ խորհրդանշական ազդեցություն կունենա՝ ընդգծելով, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արեց 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը:

Այնուհետև Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնիաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Նա Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

«Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ամբողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ամբողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը»,- իր ելույթում նշել էնախագահը:

Նա այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Հանրապետության նախագահը, դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին, նշել է`հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել:

Photo: President.am
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---