Բաքվի հերթական սուտը. ԵԽԽՎ նախագահը ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների հանդիպման առաջարկ չի արել

Բաքվի հերթական սուտը. ԵԽԽՎ նախագահը ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների հանդիպման առաջարկ չի արել

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հերքել է ադրբեջանական լրատամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Բաքվում՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ հանդիպմանն առաջարկել է «Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի համայնքների միջև հանդիպում կազմակերպել, որը դրական քայլ կլինի հակամարտության կարգավորման հարցում` չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»։

Ստրասբուրգում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք լուրը համապատասխանում է իրականությունը և Անն Բրասյորը հանդես է եկել նման առաջարկությամբ, ԵԽԽՎ նախագահի գրասենյակից պատասխանել են, որ այցի ուղերձները ներառվել են իրենց հաղորդագրության մեջ, որում, իհարկե, խոսք չկա «ԼՂ-ի հայ և ադրբեջանցի համայնքների հանդիպման առաջարկի մասին», գրում է Panorama.am-ը։

«Ես ցանկանում եմ ընդգծել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում արած հայտարարությունը, այն է․«Վեհաժողովը չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ մենք կարող ենք օգնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության կառուցմանն ու երկխոսության զարգացմանը»,- ասել է ԵԽԽՎ պաշտոնյան։

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական լրատվականները գրել էին, թե Անն Բրասյորը, խոսելով այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների մասին, ասել է` քննարկված թեմաներն իրեն օգնել են պատկերացում կազմել Ադրբեջանում ներկայում տիրող իրավիճակի մասին: «Նա նշել է, որ չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը, Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև հանդիպման կազմակերպումը կարող է հակամարտության կարգավորման ճանապարհին դրական քայլ դառնալ»:

Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբեր խնդիրներ են:

«Պաշտոնական Մոսկվան բռնակցել է Ղրիմը Ռուսաստանին, ինչը կատարվել է միջազգային իրավունքի խախտումներով»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ի` Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշումը չի ընդունվում նաև Հայաստանի նկատմամբ։

Բրասյորը նշել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, բայց դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ընդունելի է։

ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սկսվեցին զինված բախումներ: Այդ շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչել ինքնահռչակ հանրապետությունները և հատուկ գործողություն են իրականացնում նրանց կողմնակիցների դեմ:

Սեպտեմբերի 12-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական լրատվականները «խմբագրել» են նաև Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը:

Նա սեպտեմբերի 9-ին այցով ժամանել է Բաքու, որտեղ, Interfax.az փոխանցմամբ, ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում իբրև թե՝ հայտարարել է, որ «Սերբիայի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, և իրենք պաշտպանում են իրենց երկրների տարածքային ամբողջականությունը»:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ նման հայտարարություն արել է հենց ինքը՝ Մամեդյարովը: Իսկ ասուլիսի ժամանակ պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին Սերբիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին` Դաչիչը միայն ասել է, որ անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը և ջանքերն ուղղել խաղաղ բանակցություններին, և որ Սերբիան ողջունում է ցանկացած երկխոսություն` ուղղված խաղաղ բանակցություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---