ԵԽԽՎ նախագահը ցանկանում է այցելել Երևան. ՀՀ և Ադրբեջանի պատվիրակները մերժել են հանդիպման առաջարկը

ԵԽԽՎ նախագահը ցանկանում է այցելել Երևան. ՀՀ և Ադրբեջանի պատվիրակները մերժել են հանդիպման առաջարկը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ի Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 3-ը։

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է նստաշրջանի օրակարգը: Հարցին, թե Ադրբեջանն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԽԽՎ բերելու համար, այս դեպքում արդյոք ԵԽԽՎ-ն անմիջական կապ կհաստատի Լեռնային Ղարաբաղի հետ, նա պատասխանել է.

«ԵԽԽՎ-ի հիմնական խնդիրը այստեղ ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև կապի հաստատումն է, որը շատ-շատ բարդ է, եթե ոչ անհնար։ Իմ նախորդը կարողացել էր կապ հաստատել պավիրակությունների միջև։ Ես առաջարկել եմ հանդիպումներ անցկացնել, սակայն նրանք մերժել են հանդիպել միմյանց իմ գրասենյակում։ Բայց կարծում եմ` նախապայմաններից մեկն այն է, որ պատվիրակությունները խոսեն միմյանց հետ։ Ես շնորհակալ եմ ձեր հարցի համար, քանի որ մամուլում լուրեր էին տարածվել, թե ես առաջարկել եմ հանդիպում անցկացնել Ադրբեջանի տարբեր համայնքների միջև։ Ես նման բան չեմ ասել։ Իմ լիազորությունների մեջ է ԵԽԽՎ-ն, և ես ցանկանում եմ, որ երկու պատվիրակությունները խոսեն միմյանց հետ, ինչը ներկա պահին գրեթե անհնար է, սակայն պետք է աշխատենք այդ ուղղությամբ», - ասել է ԵԽԽՎ նախագահը:

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական լրատվականները գրել էին, թե Անն Բրասյորը, խոսելով Ադրբեջան կատարած այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների մասին, ասել է` քննարկված թեմաներն իրեն օգնել են պատկերացում կազմել Ադրբեջանում ներկայում տիրող իրավիճակի մասին: «Նա նշել է, որ չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը, Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև հանդիպմանկազմակերպումը կարող է հակամարտության կարգավորման ճանապարհին դրական քայլ դառնալ»:

Ավելի ուշ Անն Բրասյորը հերքել է ադրբեջանական լրատամիջոցների տարածած տեղեկատվությունը: Ստրասբուրգում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք լուրը համապատասխանում է իրականությունը և Անն Բրասյորը հանդես է եկել նման առաջարկությամբ, ԵԽԽՎ նախագահի գրասենյակից պատասխանել են, որ այցի ուղերձները ներառվել են իրենց հաղորդագրության մեջ, որում, իհարկե, խոսք չկա «ԼՂ-ի հայ և ադրբեջանցի համայնքների հանդիպման առաջարկի մասին»:

«Ես ցանկանում եմ ընդգծել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում արած հայտարարությունը, այն է․«Վեհաժողովը չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ մենք կարող ենք օգնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության կառուցմանն ու երկխոսության զարգացմանը»,- ասել է ԵԽԽՎ պաշտոնյան։

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը այսօր նաև հայտարարել է, թե ցանկանում է այցելել Հայաստան։

«Երբ ես որոշեցի այցելել Ադրբեջան, անմիջապես ասացի, որ պետք է այցելեմ նաև Հայաստան։ ԵԽԽՎ նախագահի պարտականությունն է հասկանալ խնդիրների համատեքստը։ Ինձ մշտապես անհրաժեշտ է լսել երկու կողմերին, այս դեպքում իհարկե և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը՝ հավելելով, սակայն, որ դեռևս Հայաստան այցի հստակ օրը որոշված չէ, գրում է Panorama.am-ը։

Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբեր խնդիրներ են:

«Պաշտոնական Մոսկվան բռնակցել է Ղրիմը Ռուսաստանին, ինչը կատարվել է միջազգային իրավունքի խախտումներով»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ի` Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշումը չի ընդունվում նաև Հայաստանի նկատմամբ։Բրասյորը նշել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, բայց դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ընդունելի է։

ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սկսվեցին զինված բախումներ: Այդ շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչել ինքնահռչակ հանրապետությունները և հատուկ գործողություն են իրականացնում նրանց կողմնակիցների դեմ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---