Ինչպես են հակառուսական պատժամիջոցները վնասում Հայաստանի տնտեսությանը

Ինչպես են հակառուսական պատժամիջոցները վնասում Հայաստանի տնտեսությանը

PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ առաջ Air Armenia ավիաընկերությունը քիչ էր մնում զրկվեր Ռուսաստանի օդային տարածքում նավիգացիայի ծառայությունից Ռոսավիացիայի վճարը ուշացնելու համար: Խնդիրը տեխնիկական էր՝ ընկերությունը չէր կարողացել կատարել փոխանցումը ժամանակին, քանի որ ՍՄՊ բանկը, որը սպասարկում է Ռոսավիացիայի հաշիվները, հայտնվել էր պատժամիջոցների ենթակա բանկերի ցանկում: Այն ժամանակ հարցը հաջողվեց ժամանակին լուծել առանց հետևանքների ուղևորների համար՝ նոր հաշվեհամարներ բացվեցին ու կուտակված պարտքը մարվեց:

Սակայն հակառուսական պատժամիջոցները հղի են Հայաստանի համար ոչ միայն տեխնիկական, այլև միանգամայն իրական խնդիրներով, որոնք կանդրադառնան ինչպես տնտեսության ընդհանուր վիճակի, այնպես էլ շարքային հայ սպառողի գրպանի վրա: Ռուսաստանից մեծ կախում ունեցող հայաստանյան տնտեսության վրա չի կարող չանդրադառնալ այդ երկրի տնտեսության անկումը: Ամենազգայուն դրսևորումներից մեկը կարող է լինել Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի նվազումը:

2013-ին Հայաստան ընդհանուր առմամբ գրեթե 1,9 մլրդ դոլար ոչ առևտրային դրամական փոխանցում է կատարվել, կամ ՀՆԱ-ի 18 տոկոսը, որը գերազանցում է արտահանման ծավալը: Դրամական փոխանցումների տարեկան աճն այն ժամանակ գերազանցեց 10 տոկոսը: 2013-ին վերջում, երբ հակառուսական պատժամիջոցների մասին դեռ խոսք չկար, Հայաստանի ԿԲ-ն կանխատեսեց դրամական փոխանցումների ծավալի 7-10 տոկոս աճ, երբ ՀՆԱ նախատեսված աճը 5,2 տոկոս էր: Այսպիսով ենթադրվում էր, որ ՀՀ տնտեսության մեջ դրամական փոխանցումների դերն աճելու է:

Փոխանցումների առյուծի բաժինը՝ 1,6 մլրդ դոլար և փոխանցումների մոտ 80 տոկոսը, 2013-ին եկել է Ռուսաստանից: Վերջին 10 տարում՝ 2004-2013 թթ., Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալն աճել է գրեթե 4 անգամ՝ 419 մլն դոլարից հասնելով 1,6 մլրդ դոլարի:

Սակայն վերջին մի քանի ամիսներին անկում է գրանցվում՝ 2014-ի հուլիսին Ռուսաստանից մոտ 169 մլն դոլար է փոխանցվել, նախորդ տարվա հուլիսի համեմատ անկումը կազմել է 6,6 տոկոս: Իսկ օգոստոսին ՌԴ-ից փոխանցվել է 160 մլն դոլար, ամսվա կտրվածքով անկումը կազմել է 4,2 տոկոս, նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 7 տոկոս: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում հայ ներգաղթյալները հիմնականում շինարարության ոլորտում են աշխատում: Ըստ Տնտեսական զարգացման նախարարության, շինարարության անկումը միայն օգոստոսին կազմել է 0,8 տոկոս: Շինարարության, ինչպես նաև այլ ոլորտներում, որտեղ զբաղված են հայ սեզոնային աշխատակիցները, կրճատումներից բացի, փոխանցումների ծավալի վրա ազդում է նաև ռուբլու փոխարժեքի անկումը: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռուսական արժույթը գրեթե 15 տոկոս անկում է ունեցել և մոտեցել է մեկ դոլարի դիմաց 40 ռուբլու շեմին: Ռուսաստանից դրամական փոխանցումների շարունակվող կրճատման բացասական հետևանքները Հայաստանի տասնյակ հազարավոր բանկիչների համար հասկանալի է առանց պարզաբանումների:

Անկումը ՌԴ տնտեսության ոլորտում բացասաբար է անդրադառնում նաև հայ գործարարների վրա՝ 2014-ին առաջին 8 ամսում արտահանումը Ռուսաստան կազմել է մոտ 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Մինչդեռ դեպի ՌԴ արտահանման ծավալները շարունակում են նվազել՝ առաջին եռամսյակում աննշան 0,6 տոկոս անկումից ցուցանիշը հասել է 6,4 տոկոսի առաջին կիսամյակի տվյալներով և արդեն 8,2 տոկոսի ութ ամիսների կտրվածքով:

Հարցականի տակ են հայտնվել ռուսական խոշոր ներդրումները Հայաստանում: Եվրաինտեգրումից Մաքսային միության հետ մերձեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո խոստում տրվեց, որ Հայաստանում մինչև 15 մլրդ ռուբլի (մոտ 450 մլն դոլար) ներդրում կարվի: Այդ փողերի ամենահավանական աղբյուրներից մեկը պետական «Ռոսնեֆտ»-ն էր: Ընկերությունը մի քանի ամիս քննարկում էր Հայաստանում կաուչուկի արտադրության ոլորտում խոշոր՝ մինչև 400 մլն դոլարի ներդրում անելու հնարավորությունը: Ենթադրվում էր, որ կվերազինվի ու կարդիականացվի «Նաիրիտ» գործարանը կամ նորը կկառուցվի: Կաուչուկի արտադրության ոլորտում համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվեց 2013-ի դեկտեմբերին Պուտինի Հայաստան այցի ժամանակ:

Սակայն ընդամենը մի քանի ամիս է անցել, իսկ պատժամիջոցների ենթակա «Ռոսնեֆտն» արդեն ինքն է փող պահանջում պետությունից՝ ընկերության կարիքների համար կարող են «տպվել» ռուսաստանցիների կենսաթոշակային կուտակումները Ազգային բարեկեցության հիմնադրամից, որից «Ռոսնեֆտը» 1,5 տրլն ռուբլի է խնդրում (մոտ 38 մլրդ դոլար) կամ ամբողջ հիմնադրամի գրեթե կեսը: Նման պայմաններում ոչ ներդրումներ կան, ոչ էլ նորություններ Հայաստանում կաուչուկի արտադրության ծրագրերի մասին: Ավելին, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստերից մեկում խոստովանեց, որ «Ռոսնեֆտում» իր գերատեսչության հարցումներն անտեսվում են և պետք է որոնել պոտենցիալ այլ ներդրողների: Պարզ ասած, պատժամիջոցների պայմաններում Հայաստանում խոշոր ներդրումների հեռանկարը հետաձգվում է անորոշ ժամանակով կամ էլ բարեհաջող կերպով մոռացության է մատնվում:

Որպես այս ամենի հետևանք Moody’s-ը կանխատեսում է ՀՀ տնտեսության աճի նվազում 2014 և 2015 թթ.: ՀՆԱ կանխատեսումը 3,2 տոկոսից նվազեցվել է մինչև 2,1 տոկոս 2014-ի համար, և 3,6 տոկոսից 2,3 տոկոս 2015-ի համար: ԱՄՀ- ն նույնպես նվազեցրել է աճի կանխատեսումները՝ սահմանելով 2,6 տոկոս նախկինում կանխատեսվող 3,6-ի փոխարեն 2014-ի համար և 3,3 տոկոս նախատեսվող 4,3 տոկոսի փոխարեն 2015-ի համար: Ընդ որում, առանձնակի լավատեսությամբ աչքի չեն ընկնում նաև ՀՀ իշխանությունները. ԿԲ-ն բյուջեում ամրագրված 5,2 տոկոսի փոխարեն նվազեցրել է աճի կանխատեսումը մինչև 3,6-4,2 տոկոս, իսկ 2015 թ. բյուջեի նախագծով ենթադրվում է 4,1 տոկոս աճ:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---