ԵՏՄ անդամ երկրների անդամավճարները կբաշխվեն` հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը միությանը

ԵՏՄ անդամ երկրների անդամավճարները կբաշխվեն` հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը միությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությունը Մինսկում կքննարկի անդամ երկրների անդամավճարների բաշխման հարցը, հաշվի առնելով Հայաստանի հնարավոր անդամակցումը միությանը, լրագրողներին է ասել տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ ստորագրել է ԵՏՄ մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Մինչ այդ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ մինչև հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը ստորագրման դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին:

Լիխաչովը նշել է, որ այժմ բաժնեմասային անդամավճարների բանաձևը համապատասխանում է ներկրման մաքսատուրքերի բաշխման բանաձևին: «88 տոկոսը մոտավորապես բաժին է ընկնում ՌԴ-ին, 4,7 տոկոսը՝ Բելառուսին, 7,3 տոկոսը՝ Ղազախստանին: Նույն համամասնությամբ էլ երկրները կատարում են միության պահպանման համար անհրաժեշտ անդամավճարները: Առայժմ Եվրասիական հանձնաժողովն առաջարկում է պահպանել այդ սանդղակը նաև 2015-ին»,-ասել է Լիախաչովը: Միևնույն ժամանակ հավելել է նա, մինչ 2015-ի հուլիսի 1-ը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, պետք է որոշում կայացվի 2016 թ. այդ անդամավճարների վերաբաշխման վերաբերյալ: 2015-ին, անդամակցության դեպքում, Հայաստանն անդամավճար չի վճարի:

«Բանավեճի ընթացքում կարող է ընդունվել համամասնությունների որոշման մեկ այլ հիմնարար սկզբունք, դա կարող է լինել աշխատանքային շուկան հաշվի առնող սկզբունք կամ ինչ-որ ինտեգրված ցուցանիշ, որը ներառում է ոչ միայն արտաքին առևտրի ծավալները, այլ նաև ՀՆԱ պարամետրերը, կապված ներդրումների շուկայի հետ: Եթե Հայաստանն էլ միանա, ապա կզբաղեցնի մոտ 1 տոկոսը 2016-ից: Ընդհանուր առմամբ մենք կողմ ենք, որ 2015-ին պահպանվի գործող սխեման»,-ասել է Լիխաչովը:

Նա հավելել է, որ ընդհանուր անդամավճարը մաքսային միության անդամ երկրների կողմից այժմ կազմում է տարեկան 5,5 մլրդ ռուբլի՚: «Հաջորդ տարի մենք նույնպես դեռ 5,5 մլրդ հաշվարկով ենք առաջնորդվում, որից 5 մլրդ բուն հանձնաժողովի համար է նախատեսված, իսկ 500 մլն՝ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու գործարկման համար»,-ասել է Լիխաչովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամների թիվը կաճի: «Այժմ ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը, ակտիվորեն երկխսություն է տարվում Ղրղըզստանի հետ: Վստահ եմ, որ առաջիկայում այդ միության անդամների թիվը կաճի»,- «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ նշել է Պուտինը:

«Միաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարևոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առևտրային գործընկերն է»,- հավելել է ՌԴ նախագահը: Հոկտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի նախագծին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---