ՀԲ գործադիր կառավարիչ. Հայաստանը հուսալի գործընկեր է

ՀԲ գործադիր կառավարիչ. Հայաստանը հուսալի գործընկեր է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գործակցությունը և նշել, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարևոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում:

«Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա գործակցությունը պետք է ընդլայնվի և ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը:

ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն իր հերթին, կարևորելով փոխգործակցության շարունակականությունը, նշել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է.

«Մենք ուրախ ենք շարունակելու գործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:

ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է, որ ՀԲ-ն շարունակելու է օժանդակությունը Հայաստանին և օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործակցությունը:

«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը և երկրի մրցունակության բարձրացմանը:

ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը, ողջունելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կարևոր համարելով Հայաստանի հետ հետագա գործակցությունը, նշել է.«ԱՄՀ-ն բոլորի տունն է, և Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է, և մենք շարունակելու ենք գործակցությունը Հայաստանի հետ և օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին»:

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին, նրաց հետ զրուցել Ցեղասպաության 100-ամյա տարելիցի, ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների ու փակ սահմանի մասին:

«Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նաև պատրաստ է պարտադրված պատերազմին ըստ արժանվույն հակահարված տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգությունները՝ պաշտպանելով հայ ժողովրդին և Հայաստանի սահմանները: Հայաստան-Արցախ-սփյուռք՝ այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»,-ընդգծել է վարչապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---