Օմբուդսմենն անդրադարձել է մարդու իրավունքները հարգելու ընկերությունների պարտականություններին

Օմբուդսմենն անդրադարձել է մարդու իրավունքները հարգելու ընկերությունների պարտականություններին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Օմբուդսմեն) Կարեն Անդրեասյանին, ով հանդես է եկել ընկերության աշխատակիցների համար նախատեսված հանդիպում-դասախոսությամբ՝ «Մարդու իրավունքները գործարարության ոլորտում» թեմայով: Հանդիպման նպատակը ընկերության ու նրա շահառուների՝ ներառյալ աշխատակիցների, հաճախորդների, մատակարարների և հասարակության առավել լայն շերտերի միջև հարաբերությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մասին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակազմի իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, դասախոսություն ընթացքում բանախոսը ներկայացրել է գործարար ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու, կատարված խախտումներից պաշտպանելու` պետության պարտավորությունները: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքները հարգելու` ընկերությունների պարտականություններին, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված արդյունավետ միջոցների ու մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությանը:

Առևտրային կազմակերպությունները պետք է գիտակցեն մարդու իրավունքների ոլորտում խախտումներ թույլ տալու վտանգներն ու մարտահրավերները, իրենց գործողությունները գնահատեն մարդու իրավունքները պաշտպանելու տեսանկյունից և պարբերաբար վերահսկեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի հետ իրենց փոխհարաբերությունները: Մարդու իրավունքների խախտման առումով ամենախոցելի ոլորտները ներառում են սպառողների, հավասար աշխատանքի, խտրականության, սոցիալական անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև խոսքի ազատության և ազատ արտահայտման իրավունքները:

ISO 26000 ուղեցույցի հանձնարարականները իրականացնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած պարտավորությունները նաև ներառում են ISO 26000-ով սահմանված՝ մարդու իրավունքների և կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները կազմակերպության ներսում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն ու դրանց կիրառումը ընկերության գործառնություններում:

Շահառուների ներգրավումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով և հիմք ընդունելով ISO 26000-ի ուղեցույցները և մարդու իրավունքները՝ ընկերությունը ստեղծել է ինքնակարգավորման ներքին մեխանիզմներ: Այդ մեխանիզմների նպատակն է ապահովել բիզնես-գործընթացների այնպիսի վերահսկողություն, որպեսզի այդ գործընթացները և դրանց վերջնական արդյունքները չվնասեն կամ չհակասեն հասարակության շահերին, ավելին՝ ընդունելի լինեն հասարակության համար և հաշվի առնեն թե՛ ամբողջ հասարակության, և թե՛ հասարակության առանձին խմբերի կարիքները: Հասարակության վերաբերմունքի, ընկալումների և ակնկալիքների շարունակական ուսումնասիրության միջոցով՝ վերահսկողական այս մեխանիզմներն օգնում են բացահայտել հնարավոր հակասությունները մի կողմից՝ հասարակության ակնկալիքների ու հետաքրքրությունների, և մյուս կողմից՝ ընկերության քայլերի ու ծրագրերի միջև:

«Օրենքի հանդեպ հարգանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից եղել է հիմնարար արժեք: Ընկերությունը մշտապես առաջնորդվել է այդ սկզբունքով, ինչը նաև ընկերության բարձր հեղինակության հիմնասյուներից է: Օրենքով առաջնորդվելը, առաջին հերթին, բխում է հաճախորդների և ընդհանուր առմամբ՝ հասարակության հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորելու հրամայականից: Միևնույն ժամանակ՝ մենք բարձր ենք գնահատում ISO 26000 ուղեցույցներով նախատեսված՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, դրական փոփոխությունների շարունակական իրականացումը, և այս ճանապարհից որևիցե շեղում մեզ համար անընդունելի է», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---