Դինքի գործով փաստաթղթերը` պետական գաղտնի՞ք. «Ակօս»-ի ադրբեջանցի թղթակցին շարունակում են սպառնալ

Դինքի գործով փաստաթղթերը` պետական գաղտնի՞ք. «Ակօս»-ի ադրբեջանցի թղթակցին շարունակում են սպառնալ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը դատարանին կոչ է արել հարցում ուղարկել ռազմական դատախազությանը՝ պարզելու` արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանն առնչվող հետախուզական փաստաթղթերը պետական գաղտնիք են համարվում, հայտնում է Hurriyet Daily News-ը:

«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլում գտնվող խմբագրության գրասենյակի մոտ սպանել է, 17-ամյա Օգյուն Սամասթը: Վերջինս դատապարտվել է մոտ 22 տարվա ազատազրկման, ենթադրվում է, որ եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, քանի որ հանցագործության հետևում կանգնած անձինք այդպես էլ չեն բացահայտվել:

Դատական հերթական նիստը տեղի է ունեցել Ստամբուլի անչափահասների ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում, սակայն Օգյուն Սամասթը նիստին չի մասնակցել. նրա շահերը ներկայացրել է փաստաբանը:

Դատարանն ավելի վաղ երկու անգամ դիմել էր Ազգային հետախուզական ծառայությանը՝ գաղտնի փաստաթղթերի համար, որը հետախուզական գործակալությունն ուղարկել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի հատուկ հանձնաժողովին:

Հետախուզական ծառայությունը, սակայն, հստակ պատասխան չէր տվել՝ արդյոք փաստաթուղթը պետական գաղտնիք պարունակում է, թե ոչ:

Ավելի հստակ պատասխան ծառայությունը տվել է հոկտեմբերի 17-ի դատական նիստի ընթացքում:

«Ճիշտ կլինի գլխավոր դատախազությանը հարցնել՝ պահանջված տեղեկությունը պետական գաղտնիք է, թե` ոչ»:

Դինքի ընտանիքի փաստաբանը, սակայն, նշում է, որ փաստաթղթերը պետք է հրապարակվեն: «Փաստաթուղթը, որն Ազգային հետախուզական ծառայությունը ներկայացրել է խորհրդարանին, պետք է տրամադրվի նաև մեզ»,-ասել է փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

Միևնույն ժամանակ «Ակօս»-ի ազգությամբ ադրբեջանցի թղթակից Արզու Գեյբուլլաևան շարունակում է սպառնալիքներ ստանալ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքիայից: Սպառնալիքների հերթական տարափի ժամանակ ադրբեջանցի լրագրողին սպառնացել են սպանել ու «թաղել Հրանտ Դինքի կողքին»: Այս մասին նա գրել է իր Twitter-ի միկրոբլոգում, հաղորդում է Allturkey.am-ը: Ագոս» պարբերականն իր թղթակցին ուղղված նման սպառնալիքի կապակցությամբ իրավական գործընթաց է սկսել, գրում է Ermenihaber-ը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ լրագրող, բլոգեր Գեյբուլլաևան վիրավորանքներ է ստանում իր հայրենակից ադրբեջանցիների կողմից, իսկ վերջին շրջանում վիրավորանքների հետ մեկտեղ նա սկսել է սպառնալիքներ ստանալ: Բացի այդ, ադրբեջանցի լրագրողին թիրախավորել են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք դավաճանի պիտակ են կպցնում Գեյբուլլաևային և ազգայնականների էլ ավելի տրամադրում նրա դեմ: Այս ամենի հետևանքով վերջինս հայտնվել է բավական լարված վիճակում:

Գեյբուլլաևային աջակցելու կոչերով են հանդես եկել Թուրքիայի լրագրողների համայնքը (TGC) և «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կառույցները, ինչպես նաև անհատ լրագրողներ: Այնուամենայնիվ, ադրբեջանցի լրագրողի շուրջ բարձրացած աղմուկն ավելի արագ է տարածվում Ադրբեջանում, որտեղից ավելի ինտենսիվ վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստանում երիտասարդ լրագրողը: Ադրբեջանցիները սոցցանցերում ևս արդեն արշավ են սկսել Գեյբուլլաևայի դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---