Կարմիր խաչը չի մեկնաբանում ադրբեջանցի դիվերսանտների առաջիկա դատավարությունը

Կարմիր խաչը չի մեկնաբանում ադրբեջանցի դիվերսանտների առաջիկա դատավարությունը

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) տեղեկացված է ԼՂՀ ՊԲ կողմից Քարվաճառում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտների առաջիկա դատավարության մասին, որը հոկտեմբերի 27-ին կմեկնարկի Ստեփանակերտում:

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ կոմիտեի անդամները մշտապես այցելում են նշված անձանց, ինչը հնարավորություն է տալիս նրանց կապ պաշտպանել ընտանիքի հետ:

«Ըստ Ժնևյան կոնվենցիաների, ձերբակալված անձանց հանդեպ պետք է մարդասիրական վերաբերմունք դրսևորվի, պետք է ապահովվեն պահպանման համապատասխան պայմանները: Միջազգային հումանիտար իրավունքը չի բացառում պաշտպանյալների հանդեպ դատավարությունը: Սակայն, միևնույն ժամանակ միջազգային հումանիտար իրավունքը մշտապես իրավական երաշխիքների պահպանում է պահանջում դատական գործընթացներում»,- ասել է նա՝ նշելով, որ Կոմիտեն դատավարությունների մասին տեղեկատվության աղբյուր չի հանդիսանում:

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---