Բեռլինում անհամբեր սպասում են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքին

Բեռլինում անհամբեր սպասում են Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքին

PanARMENIAN.Net - Գերմանիան անհամբեր սպասում է հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այդ մասին Բաքվուm ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանi ու Իլհամ Ալիևի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Փարիզում:

Երևանյան մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հայտարարեց, որ այդ հանդիպում խթան կհանդիսանա ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի համար: «Առանց մանրամասներ հաղորդելու, դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքով` երկրորդ նպատակն այն է, որ կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ռենոն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Նա նաև նշել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում:

Ըստ նախարարի, նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության և քաղաքացիական հանրության հետ, քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: «Գերմանիան չափազանց մտահոգված է շփման գծում առկա լարվածությամբ և ուշադիր հետևում է իրավիճակաին՝ ցանկանալով հակամարտության շուտափույթ կարգավորում»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել խաղաղ պայմանագիր, սակայն, որպես կանոն, բոլոր այդ հայտարարությունները հանգեցնում են միայն նրանք, որ Բաքուն ձախողում ցանկացած համաձայնության ձեռքբերում: Օրինակ, 2011-ի հունիսի 24-ին Կազանում տեղ ունեցավ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մինչ հանդիպումը վստահաբար հայտարարվում էր կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության մասին, սակայն Ալիևը տառացիորեն տապալեց բանակցությունները՝ վերջին պահով 10 նոր ուղղում առաջարկելով:

Ավելի վաղ գերմանական ձախակողմյան Die Linke-ը մանրամասն հաշվետվություն է պահանջել Գերմանիայի դաշնային կառավարությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և այն դերի մասին, որն ունի կամ կարող է ունենալ այդ գործում ԳԴՀ-ն:

Խմբակցության անունից դաշնային կառավարության հասցեագրված հարցման մեջ նշվում է Մոսկվայի բացառիկ դերը հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Ռուսաստանն ինտենսիվ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը, որը 2011-ից անդամակցում է Չմիավորված երկրների շարժմանը, ի տարբերություն Վրաստանի, այլևս հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այդ ֆոնին Ռուսաստանն առավել ակտիվ ջանքեր է գործադրում հակամարտության կողմերի միջև բալանսի որոնման ու միջազգային իրավունքի համաձայն հակամարտությունը կարգավորելու նպատակով»,-գտնում են Die Linke խմբակցությունում: Որպես Մոսկվայի հատուկ կարգավիճակ գերմանացի խորհրդարանականները բերում են ընթացիկ տարվա օգոստոսին գրանցված իրավիճակի սրացումը շփման գծում: «ՌԴ նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը միտված էր իրավիճակի կայունացմանն ու հետագա սրացման կանխարգելմանը»: Հաշվի առնելով այդ, գերմանացի ձախակողմյաններին հետաքրքրում է, թե որքանով է ԳԴՀ-ն լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սատարում ՌԴ խաղաղապահ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում:

Նամակում խմբակցությունը 40 հարց ու ենթահարց է հասցեագրել կառավարությանը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

Ըստ գերմանական օրենսդրության, կառավարությունը պարտավոր է պատասխանել խորհրդարանականների հարցմանը 14 օրվա ընթացքում: Սակայն, հաշվի առնելով հարցման ծավալը, Die Linke-ը համաձայնվել է երկարացնել պատասխանի համար անհրաժեշտ ժամանակը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---