Նախարարը՝ մայրության նպաստի վերաբերյալ օրենքի մասին. Մենք պատրաստ ենք քննարկել ու գալ համաձայնության

Նախարարը՝ մայրության նպաստի վերաբերյալ օրենքի մասին. Մենք պատրաստ ենք քննարկել ու գալ համաձայնության

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:

Լսումներին զուգահեռ ԱԺ շենքի դիմաց ցույց էր. օրենքի փոփոխություններից դժգոհող կանյք հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու ու իրենց ձայնը լսելի դարձնելու: Նրանք պնդում էին, որ փոփոխությունը կհանգեցնի ծնելիության ցուցանիշների անխուսափելի անկման:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

ԱԺ-ում լսումների մասնակիցներից Կարինե Սարգսյանը մի քանի հարց է ուղղել հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանին: Նա հարցրել է, թե արդյոք այդ օրենքով՝ հավասարության նշան չի դրվում մայրության նախածննդյան ու հետծննդյան նպատակային արձակուրդի ու ժամանակավոր անաշխատունակության հետ և հիշեցրել, որ ըստ գործող Սահմանադրության ՝ կնոջը տրամադրվում է վճարովի արձակուր։

Այնուհետև նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի իրավական կատեգորիա է «չաշխատող կին» հասկացությունը. «Մենք խոսում ենք գործազուրկների ու աշխատող, բայց չգրանցված մայրերի մասին, ինչպե՞ս է իրականացվելու այդ վերահսկողությունը»։

Հաջորդ հարցն այն էր, թե իրականացվել է համադրություն` ինչքանով են ավելացել եկամտային հարկն ու դրան համահունչ նպաստները։ «Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել, որ խտրականություն է դրվում կանանց ու տղամարդկանց միջև: Աշխատանքային օրենսգրքի համաձայն` տղամարդը որոշակի ժամանակահատվածում մասնակցում է զորավարժությունների, պետությունը գումար է տալիս նրան, հատուցումն իրականացվում է աշխատավարձին համապատասխան»,-ասաց նա:

Սմբատ Սաիյանը պատասխանել է հարցերին՝ նշելով, որ նպաստ, թե արձակուրդ սահմանումների դեպքում որևէ խնդիր չկա

«Սահմանադրությունը սահմանում է վճարովի արձակուրդի իրավունք կնոջ համար, իսկ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է դրա իրավունքը, որի համար տրվում է նպաստ: Եթե ելնենք վճարովի արձակուրդի տրամաբանությունից, ապա պետությունն այստեղ պիտի ընդհանրապես գործ չունենք այստեղ, վճարովի արձակուրդը վճարում է գործատուն»,– ասել է նա, գրում է Tert.am-ը:

Սաիյանը նաև հավելել է, որ չաշխատող մայր հասկացությունը նախագծով կարգավորված է՝ նա, ով արձակուրդը սկսելու դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, ձեռնարկատեր կամ նոտար։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշել է, թե սխալ է բաժանումն ըստ աշխատանքային ստաժի. «Կինը ֆիզիոլոգիական վիճակում է, ու անկախ նրանից, թե ինչքան է նա աշխատել` մեկ տարի, վեց ամիս, թե տաս տարի նա պետք է ստանա փոխհատուցում 100 տոկոսով»:

Ըստ նախագծի հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը, այսպես նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.

1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,

2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,

3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:

Արձագանքելով Բիշարյանի հարցադրմանը` Սաիյանը նշել է, թե նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո բազմիցս ասվել է, որ այն ենթակա է փոփոխման, ասել է թե` քննարկումները հենց այդ նպատակը ունեն և գուցե փոփոխվի: Բայց այդ տոկոսները վերցվել են միջազգային փորձից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե ի վերջո ի՞նչ նպատակ է հետապնդում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որն այսքան դժգոհություններ է առաջացրել, նշել է, թե բազմաթիվ են դեպքերը, երբ մեկ -երկու ամիս առաջ աշխատանքի ընդունված կանանց վճարվում են մեծ չափով աշխատավարձ-պարգևատրումներ, որոնք էական ազդեցություն են ունենում պետական բյուջեով վճարվող փոխհատուցման վրա: Սա մտահոգիչ է և պետք է փոխվի:

Նախարարի խոսքով` փաթեթում ներառված առաջարկությունները միտված են միայն բացառապես առկա խնդիրների լուծմանը: Քննարկումներն էլ կօգնեն, որպեսզի հնարավոր լինի գտնել օպտիմալ լուծումներ:

«Ես չեմ ասում, որ ներկայացված առաջարկները ամենալավն են, բայց մենք պատրաստ ենք քննարկել ու գալ համաձայնության խնդիրների ու դրանց լուծումների շուրջ: Այլապես հետագայում կունենանք ավելի լուրջ խնդիրներ»,- նշել է նախարարը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` մատնանշելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---