ՀՀ ու Ադրբեջանի նախագահները հաջորդ անգամ կհանդիպեն 2015-ի սեպտեմբերին

ՀՀ ու Ադրբեջանի նախագահները հաջորդ անգամ կհանդիպեն 2015-ի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Փարիզում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը 2015-ի սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ հերթական նիստի ժամանակ:

Հանդիպմանը Ֆրանսուա Օլանդը հորդորեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ակտիվացնել բանակցային ու կայուն կարգավորմանն ուղղված ջանքերն ըստ միջազգային իրավունքի ու սկզբունքների, որոնք նախանշված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից:

Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել, որն անհրաժեշտ է տարաձայնությունները հաղթահարելու համար և երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության վրա հղումով: Նաև ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին տվյալների փոխանակման վերաբերյալ: Փոխանակումը կկատարվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: «Ֆրանսիան միջնորդություն է սկսկել Ադրբեջանի ու Հայաստանի միջև ղարաբաղյան կարգավորման հարցում: Օլանդին հաջողվել է անմիջական երկխոսության դրդել նախագահներին»,-ասվում է Ֆրանսիայի նախագահի կայքում:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ուշ երեկոյան նախագահների եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է և մեկ-երկու հանդիպումներով դժվար է եզրակացնել, որ ինչ-որ բեկումնային առաջընթաց կարձանագրվի: 2008-ից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել և կասեի, որ այս հանդիպումներն, իհարկե, օգտակար են և հնարավորություն են տալիս նախագահներին ավելի ծանոթանալու միմյանց մոտեցումներին և ավելի պարզ դարձնելու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ առաջ գնալու հնարավորությունների շրջանակը: Կարծում եմ՝ այս իմաստով հանդիպումը դրական էր: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, պետք է գնալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասել է ԱԳ նախարարը:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---