Չինական ընկերությունը կարող է ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ անել

Չինական ընկերությունը կարող է ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ անել

PanARMENIAN.Net - «Սոլար սիսթեմս» ընկերությունը (որի բաժնետոմսերի 100 տոկոսը չինական Amur Sirius-ինն է) կարող է ներդրումներ կատարել Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում:

Այդ մասին հայտնել է ընկերության ներդրումների և ֆինանսների գծով տնօրեն Օլգա Բիկովան, գրում է «Էլեկտրովեստի» պորտալը: Նա նշել է, որ Հայաստանից բացի, նման կայաններ է նախատեսվում կառուցել Ղազախստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում: Ղազախստանն, օրինակ, մտադիր է մինչև 2030 թ. հասցնել «կանաչ», հիմնականում արևային, էներգետիկայի բաժինը երկրի էներգաբալանսում մինչև 10 տոկոսի: Վերականգնվող էներգետիկան նպատակ ունի զարգացնելու նաև Ուզբեկստանը, սակայն այդ երկրներում սպառման շուկաներ, հավանաբար, կհայտնվեն մոտ 5 տարուց, ասել է «Սոլար սիսթեմսի» ներկայացուցիչը:

Միջազգային փորձագետների կարծիքով, Հայաստանում կան բոլոր բարենպաստ պայմաններն արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար:

Հայաստանի կախվածությունը ներկրվող վառելիքից ստեղծում է մատակարարման անվտանգության ռիսկեր, ինչպես նաև վճարունակության խնդիրներ սպառողների համար:

Հայաստանի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն այսօր Հայկական ԱԷԿ–ն է, որին բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտ 30 տոկոսը։ Միաժամանակ, ՋԷԿ–ին բաժին է ընկնում 41.9 տոկոսը, ՀԷԿ–ին բաժին է ընկնում 29.2 տոկոսը։

Ըստ հաշվարկների, արևային էներգիայի ամենամյա հոսքը Հայաստանում 1 քմ համար կազմում է 1700 ԿՎտ/ժ, տարածքի մեկ քառորդում՝ 1800 ԿՎտ/ժ, այն դեպքում, երբ Եվրոպայում միջին ցուցանիշը 1000 ԿՎտ/ժ է: Ըստ գործող նախագծերից մեկի, նախատեսվում է կառուցել 30 մՎտ հզորությամբ կայան՝ որոշելու համար օպտիմալ սակագներն ու պարզելու համար արևային էլեկտրաէներգիայի հետագա զարգացման հեռանկարը Հայաստանում:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամենանշանակալի իրագործված նախագիծը Լոռի-1 հողմակայանն է, որը միակն է Հարավային Կովկասում: Հզորությունը 2,64 մՎտ է:

Այս պահի դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրները ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 2 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---