22  14.11.14 - «Միասնություն 2014». Հայաստանի ու Արցախի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները

Նախագահը՝ խոցված ուղղաթիռի մասին. Բոլորս հիշում ենք ամեն ինչ, և հատուցման օրը գալու է

Նախագահը՝ խոցված ուղղաթիռի մասին. Բոլորս հիշում ենք ամեն ինչ, և հատուցման օրը գալու է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետևել են նաև մարտական հրաձգության փուլին, այնուհետև տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաև ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է զորավարժության մասնակիցներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների և խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Իր ելույթում նախագահը նշել է, որ չնայած ցավալի դեպքին, համարում է, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել: Նա նշել է, որ զորավարժությունների օրերին ՀՀ ամբողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի հայացքն ուղղված էր զինվորների վրա.

«Անշուշտ, ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա նաև մենք ենք ունենալու մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ»:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ պայմանական մարտի դաշտում և շփման գծում զինվորների ցուցաբերած վարքը, մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի.

«Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Ո՛չ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ էլ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»:

Նախագահը նաև հավելել է, որ զորավարժություններով ոչինչ չի ավարտվում, այլ նորից է սկսվում մարտական պատրաստությունը, չարչարանքը զրկանքները, որովհետև և՛ պատերազմը, և՛ զորավարժություններն արտակարգ իրավիճակներ են: Իսկ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ գործողություններ, որոնք լի են դժվարություններով, զրկանքներով:

Նախագահի խոսքից հետո «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորահանդես: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ներկա են գտնվել նաև Մարտակերտ քաղաքում զինվորական հոսպիտալի նորակառույց մասնաշենքի բացմանը:

Կադրացեք նաև՝Նախարար. Ադրբեջանին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---