Սերգեյ Միրոնով. Ցեղասպան դրսևորումներն առկա են նաև մեր օրերում

Սերգեյ Միրոնով. Ցեղասպան դրսևորումներն առկա են նաև մեր օրերում

PanARMENIAN.Net - Մոսկվայում աշխատանքն է սկսել «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից, Սերբիայից, Պետդումայի պատգամավորներ, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը և ՌԴ-ում մարդու իրավունքների գծով լիազոր Էլլա Պամֆիլովան:

Սերգեյ Միրոնովը միջոցառման սկզբում հայտարարեց լրագրողներին, որ համաժողովի գլխավոր նպատակն է մեկ անգամ ևս հիշեցնել համաշխարհային հանրությանը ցեղասպանության մասին, բացառելու համար նացիզմի դրսևորումները, հայերի կոտորածներն ու մարդկության պատմության այլ ողբերգական դրսևորումները:

«Քսաներորդ դարը պատմության մեջ մտավ ոչ միայն որպես տեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջան, այլ նաև որպես թուրքերի կողմից հայերի, ասորիների, Պոնտոսի հույների բնաջնջման դար: Ավելի ուշ «անհաճո» ժողովրդներից «ազատվելու» այդ արյունալի մեթոդները որդեգրեց նացիստական Գերմանիան: Այս ամենի մասին մենք պարտավոր ենք հիշել ու համապատասխան եզրակացություններ անել»,-ասել է Միրոնովը:

Նա նշել է, որ ցեղասպան դրսևորումները ոչ միայն պատմությանն են պատկանում, այլ նաև մեր օրերին են հատուկ: «Մենք հիշում ենք Ռուանդայում համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոչնչացվեց թութսի ժողովրդի մոտ մեկ միլիոն ներկայացուցիչ: Մենք տեսնում ենք դա այսօր Իրաքում, Սիրիայում, Լիբիայում: Տեսնում ենք, թե ինչպես են զինվում ծայրահեղական իսլամիստական խմբավորումները»:

Սերգեյ Միրոնովը չշրջանցեց նաև քաղաքացիական պատերազմն Ուկրաինայում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ գնալով ավելի շատ երիտասարդներ են Ուկրաինայում ընդունում նացիստական գաղափարախոսությունը:

Մարդու իրավունքերի գծով լիազոր Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական առաջատար դերակատարները հաճախ շահարկում են ցեղասպանության թեման անձնական շահերից ելնելով. «Ռուսաստանի հասցեին կեղծիքի ալիք է բարձրացել «տոտալիտար» ռեժիմի և մարդու իրավունքների խախտումների մեղադրանքներով»:

Պամֆիլովան նշել է, որ այսօր սանձազերծված տեղեկատվական պատերազմը Ռուսաստանի դեմ հիշեցնում է Հարավսլավիայի իրավիճակը:

«Մենք աստիճանաբար իմանում ենք ճշմարտությունն այն մասին, թե ով էր մեղավոր սերբերի, խորվթաների ու Հարավսլավիայի այլ ժողովրդների միջև արյունահեղ պատերազմի սանձազերծման համար: Բայց այդպիսի երկիր այլևս չկա: Ճշմարտությունը չափազանց ուշ ի հայտ եկավ: Ուստի այսօր Ռուսաստանը պետք է դիմակայի այս պատերազմում, պահպանի իր ազգային ինքնությունն ու ապացուցի աշխարհին, որ ապրելու իրավունքը յուրաքանչյուր ժողովրդի սրբազան իրավունքն է»,-ասել է Պամֆիլովան, հայտնում է «Ռիդուսը»:

Համաժողովը կազմակերպել են «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ):

Համաժողովում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները:

Համաժողովի շրջանակներում «Պրեզիդենտ հոթելի» սրահում տեղի կունենա նաև վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին:

Համաժողովի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին «Ռուս-հայկական համագործակցությունից», ֆորումը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքական, գիտական շրջանակների և ազգային համայնքների ջանքերի համատեղում` ցեղասպանության փաստի դատապարտման և դրա կանխարգելման միջոցները քննարկելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---