Yahoo Travel-ը խորհուրդ է տալիս ընթերցողներին հանգստանալ Լեռնային Ղարաբաղում

Yahoo Travel-ը խորհուրդ է տալիս ընթերցողներին հանգստանալ Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Yahoo Travel-ը խորհուրդ է տվել ընթերցողներին ընդլայնել իրենց ճամփորդություններն ու հանգիստն անցկացնել տեխնիկապես գոյություն չունեցող, սակայն փաստացի գործող պետություններում, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել: Նման երկրների ցանկում պորտալն առանձնացրել է Սոմալիլենդը, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը:

Պորտալը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի արդյունքում Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց: Հաղթանակ տանելով Ադրբեջանի հանդեպ և հրադադար կնքելով 1994 թվականին, Արցախն անկախ պետություն կերտեց և այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձնդեստրի կողմից:

«Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է՝ մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ուղևորություն կատարեք, վայելեք հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեչոց եկեղեցին, բաց չթողնեք Գանձասարը, ինչը հայերենից թարգմանաբար նշանակում է գանձերի լեռը և IX դարում կառուցված Դադիվանքը»,-գրում է պարբերականը:

Հոդվածում ասվում է, որ պատերազմ քարոզող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է սպառնում զավթել Լեռնային Ղարաբաղը, ուստի խորհուրդ է տալիս չմոտենալ առաջնագծին, որտեղ դիպուկահարներ կան ու կարելի է նաև գերության մեջ հայտնվել: «Հակամարտության ժամանակ հազարավոր ականներ են տեղադրվել, որոշ մասը դեռ հողում է մնում», եզրափակում է պորտալը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---