Սանկտ Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը, պուրակն էլ Երևանյան կկոչվի

Սանկտ Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը, պուրակն էլ Երևանյան կկոչվի

PanARMENIAN.Net - 2015-ի ամռանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում կտեղադրվի Կոմիտաս Վարդապետի արձանը, որի վրա արդեն աշխատում է քանդակագործ Լևոն Բեյբությանը: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ քանդակագործի արվեստանոցում ծանոթացել է Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին:

Քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն Բեյբությանը նշել է, որ պուրակը, որտեղ տեղադրվելու է բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը, առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ: Այդ նույն պուրակում նաև խաչքար է տեղադրված, որի բացումը հոկտեմբերի 25-ին էր:

Խաչքարի բացմանը մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը: Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում և, ինչպես նշել են բացման հանդիսավոր արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար: Խաչքարը բացել էին վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովան և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Արարողությանը մասնակցել էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որը նշել է՝ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է գործակցության բարձր մակարդակի մասին:

«Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կայուն և վստահելի գործընկերն է, որի հետ կարևորում ենք փոխգործակցության ընդլայնումը: Բարեկամական կապերի համատեքստում մեծ կշիռ ունի մշակութային բաղադրիչը, ինչն անշուշտ կարևոր է հարուստ ժառանգություն ու ավանդույթներ ունեցող քաղաքների համար», - ընդգծել է Պետերբուրգի նահանգապետը:

Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ գործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկները և նախաձեռնությունները: Քաղաքապետն առաջարկել է նախապատրաստել և հաջորդ տարի հնգամյա գործակցության ծրագիր ստորագրել:

«Արդեն հանձնարարել եմ համապատասխան օղակների պատասխանատուներին Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Համոզված եմ, որ գործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին պաշտոնական այցով Երևան հրավիրել:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ իրենց կողմից ևս արդեն իսկ աշխատանքներ տարվում են նոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ, և վստահեցրել, որ 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվելու ժամանակ էլ կստորագրվի հնգամյա գործակցության համաձայնագիրը:

Հանդիպման շրջանակում գործակցության հետագա ծրագրերում կողմերն առանձնակի կարևորել են նաև երիտասարդական փոխանակումները, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները:

Ըստ Ռուսաստանում 2002-ին կայացած մարդահամարի` երկրում 1.130.491 հայ կա, Հայաստանից դուրս հենց ՌԴ-ում է հայկական ամենամեծ համայնքը: 2010-ի տվյալներով` Սանկտ Պետերբուրգում մոտ 20.000 հայ է ապրում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---