ՀՀ և Վրաստանի վարչապետներն անդրադարձել են տնտեսական, տրանսպորտային և ինտեգրացիոն հարցերին

ՀՀ և Վրաստանի վարչապետներն անդրադարձել են տնտեսական, տրանսպորտային և ինտեգրացիոն հարցերին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ են եղել: Երկու երկրի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ քննարկվել են երկկողմ տնտեսական գործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները, տեղեկացնում է գործադիրի մամուլի ծառայությունը:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին և նպաստում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ իր երկիրը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ գործակցության հետագա խորացումը և զարգացումը:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու համար կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրի անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է ակտիվ գործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ն կարևորում է ԵՄ հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:

Նշվել է նաև, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրի տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը և չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը:

Գոհունակությամբ նշելով տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում ծավալված գործակցության ընթացքը` զրուցակիցներն անդրադարձել են նշված յուրաքանչյուր բնագավառում իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, կարևորվել է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինաշխատանքների շարունակականությունը: Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման առումով ՀՀ վարչապետը մեծապես կարևորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

Երկուստեք ընդգծվել է էներգետիկ ոլորտում Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման կարևորությունը, որի ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական KfW բանկի միջև:

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման համար KFW բանկը Հայաստանին տրամադրելու է 85.2 մլն եվրոյի վարկ` 75 մլն եվրո սեփական և 10.2 մլն եվրո` Գերմանիայի տրամադրած ֆինանսական միջոցներից:

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Կարևորելով Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթերի գործարկումը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանձնարարել են պատասխանատու մարմինների ղեկավարներին քննարկել չվերթերի վերսկսման լուծումները:

Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչև 2015-ի առաջին եռամսյակի ավարտը բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:

Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը և վերականգնումը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերանորոգման նպատակով 2015-ի բյուջեով միջոցներ նախատեսելու համար:

Հովիկ Աբրահամյանն Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Քննարկվել են տարածաշրջանային գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---