ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են երկարաձգել հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետը

ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են երկարաձգել հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը դեկտեմբերի 20-ին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդակցությունների դեպարտամենտը։

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին։ Համաձայնագրով նախատեսվում է դրա շահագործման ժամկետի երկարաձգում:

«Այդ գործողությունների արդյունքը պետք է լինի շահագործումը 10 տարով` մինչև 2026 թվականը երկարացնելու արտոնագիր ստանալը»,– ասված է հաղորդագրությունում։

Համաձայնագիրը ստորագրել են Ռոսատոմի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին։

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013 թվականին։ Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր կազմել։

Ներկայիս համաձայնագրով նախատեսվում է, որ մինչև 2015 թվականի առաջին եռամսյակի ավարտը կանցկացվի էներգաբլոկի համալիր հետազոտություն։ Դրա արդյունքներով կձևավորվի էներգաբլոկի շահագործման երկարացման նախապատրաստման ծրագիր։ Դրա իրականացումը ծրագրված է 2015-2016 թվականներին։

«2016 թվականի սեպտեմբերին ծրագրվում է արտոնագիր ստանալ, ինչից հետո կսկսվի աշխատանքների եզրափակիչ փուլը, որը ծրագրվում է ավարտել մինչև 2019 թվականը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ կանցկացվեն սարքավորման նորոգում և փոխարինում, դրա կարգավորումը, շահագործման փաստաթղթային նախապատրաստումը և անձնակազմի վերաորակավորումը։ Այդ ամենը հնարավորություն կտա հուսալի և անվտանգ շահագործել կայանը, առնվազն, մինչև 2026 թվականը»,– ասված է հաղորդման մեջ։

Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանին ՌԴ–ի կողմից տրվող վարկի հաշվին։ Վարկի ձևաչափն ու պայմաններն այս պահին պայմանավորվում են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև, նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները երկու շաբաթ հետևել են Հայկական ատոմակայանում միջուկային անվտանգության պահպանման նորմերին: Դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանը բարձր մակարդակով է ապահովում ՀԱԷԿ միջուկային անվտանգության նորմերը: «Երկրի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար միջուկային և այլ ռադիոակտիվ օբեյկտների ու նյութերի պահպանությունը»,-ասվում է գործակալության զեկույցում:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ծանոթացել են Հայաստանի օրենսդրական և նորմատիվ բազային միջուկային և այլ ռադիոակտիվ նույթերի, դրանց հետ կապված օբյեկտների ու միջոցառումների անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև ուսումնասիրել են անվտանգության ապահովման մեխանիզմները ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում:

ՀԱԷԿ-ում, ինչպես նաև երեք օբյեկտներում, որտեղ օգտագործվում և պահվում են ռադիացիայի աղբյուրներ, ստուգվել է ֆիզիկական պաշտպանության համակարգը: Ըստ փորձագետների գնահատականների, 2003 թ. ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել երկրում միջուկային անվտանգության ապահովման գործում, հայտնում է Armenia Today-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Հայաստանին 270 մլն դոլար վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի վերանորոգման համար:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև վարկային համաձայնագրի նախագծին, ըստ որի` Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկը ուղղվելու է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 10 տարի ժամկետով տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, առաջին վճարումը պետք է կատարվի 2019 թ. հունվարի 15-ին:

Վարկից բացի՝ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրում 30 միլիոն դոլարի անհատույց ֆինանսական օգնություն: Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կատարումը պատվիրել ռուսաստանյան «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիային: Այս նպատակով կառավարության նիստում հաստատվեց մեկ այլ համաձայնագրի նախագիծ:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, ինչպես նաև այն, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվել է, ՀՀ կառավարությունը որոշել է շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ.:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---