Տրապիզոնի նախկին ոստիկանապետը՝ Դինքի գործով կասկածյալ

Տրապիզոնի նախկին ոստիկանապետը՝ Դինքի գործով կասկածյալ

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: KamuTürk-ը գրում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ է ներգրավվել նաև Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3 ժամ հարցաքննության է ենթարկվել և ցուցմունք տվել:

Դինքի սպանությանը ոստիկանների մեղսակցության շուրջ դատավարությունը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշել է հարցաքննել պետական մի շարք պաշտոնյաների, ովքեր պաշտոնավարել են Դինքի սպանության ժամանակ: Նրանց թվում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունթերն ու այլք, գրում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Ստամբուլի քրեական գործերի դատարանում Դինքի սպանության անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, որին 2011-ի հուլիսին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, ցուցմունք է տվել, համաձայն որի Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ էին, այլև համակարգում էին Հրանտ Դինքի սպանության նախապատրաստումը:

Այդ ցուցմունքից 5 օր անց Sabah թերթը, որը սերտ կապեր ունի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» հետ, որոշ հատվածներ է հրապարակել դատարանում Սամասթի ցուցմունքներից: Պարզ է դառնում, որ իրավապահների ու Դինքի սպանությունն իրագործողի միջև գլխավոր միջնորդը տրապիզոնցի ազգայնական Էրհան Թուջելն էր, որին դատարանը սկզբում արդարացրել էր, հետո՝ կրկին ձերբակալել:

«Սպանությունից առաջ ես այցելեցի Թունջելին նրա բնակարանում: Հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց ինձ Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յիլմազերի մասնակցության մասին»,-մեջբերում է թերթը Սամասթի խոսքը: Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետն է, իսկ Յիլմազերը՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետը, Դինքի սպանության ժամանակ նա Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետն էր:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

Կարդացեք նաև՝Դինքի գործով արդեն 6-րդ դատախազն է նշանակվել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---