Համանախագահները կոչ են արել Ադրբեջանին «հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին»

Համանախագահները կոչ են արել Ադրբեջանին «հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին»

PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա), Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր խորին մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաև Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բոլոր կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը։ Բռնությունը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Մենք նախարարի հետ քնարկել ենք խաղաղության կարգավորման գործընթացի հետագա հնարավոր քայլերը, ներառյալ համապարփակ բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խնդրի տևական լուծմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց։ Մենք Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին և մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի, վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ։

Շեշտել ենք այն միջոցառումների կարևորությունը, որոնց նպատակն է խուսափել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում պատահական միջադեպերից։ Մենք նաև քննարկել ենք ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների տվյալների փոխանակման վերաբերյալ Նախագահների միջև ձեռք բերված համաձայնության շուտափույթ կատարումը:»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների մամուլի հաղորդագրության մեջ:

Համանախագահները պատրաստվում են մոտ ապագայում հանդիպել ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին և այնուհետ այցելել տարածաշրջան։

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչն իր հերթին մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին զարգացումների առնչությամբ։ «Ես կցանկանայի հորդորել կողմերին ապահովել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը և դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նախատեսված է 1994 թվականի մայիսին կնքված պայմանագրով»,- ասել է նա: «Ես դատապարտում եմ բռնությունների դեպքերի աճը, որի արդյունքում մարդիկ են զոհվում և կոչ եմ անում կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա թեժացմանը»:

«Անմիջական շփումը ոչ միայն նախագահների, այլև այլ մակարդակներում, շարունակում է մնալ առանցքային առաջընթացի համար, որը պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ և ռազմական գործողությունների դադարեցմամբ: 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում դրական քայլեր էին՝ կատարված ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ը շարունակում է աջակցել անմիջական շփումների իրականացմանը, սակայն միմիայն կողմերը՝ հրամանատարական շղթայի ամենաբարձր օղակից մինչև շարքային զինվորը, կարող են և պետք է ապահովեն հրադադարի պահպանման ռեժիմը:»

«Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, ում վստահված է խթանել անմիջական շփումը և օգնել կողմերին նոր և խիստ անհրաժեշտ միջոցներ մշակել ու կիրառել վստահության ամրապնդման նպատակով։ Ես նաև մեծապես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, որոնք մասնավորապես ուղղված են հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և բանակցությունների համար ընդհանուր հիմքերի ստեղծմանը։ Ես կոչ եմ անում կողմերին լիարժեք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները և զգալի քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ և հարատև կարգավորման համար»:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբմերտո Զանիերը լիովին սատարել է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությանը և կոչ է արել երկու կողմերին վերստին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գլխավորած քաղաքական գործընթացի մեջ:

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (114 արկ) և ՌՊԳ-7 (5), ՍՊԳ (1) ու ԱԳՍ (37) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

Հունվարի 26-ին ելույթ ունենալով պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարեց.

«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---