Օլանդը Թուրքիային նորից կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ժամանակն է հրաժարվել տաբուից»

Օլանդը Թուրքիային նորից կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ժամանակն է հրաժարվել տաբուից»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այդ մասին ասել է ինքը Օլանդը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ:

Նա նաև կրկին հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես, նոր քայլեր կատարել «ճշմարտությանն» ընդառաջ՝ նշելով, որ «ժամանակն է հրաժարվել տաբուից», հայտնում է Nouvelles d'Arménie-ին:

«Ճշմարտությանը հասնելու ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ 100-ամյա տարելիցի այս տարում դեպի ճանաչում տանող նոր ժեստեր, նոր քայլեր կլինեն»,-հայտարարել է Օլանդը:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի անցյալ տարվա ապրիլի 23-ի հայտարարությունը, որտեղ նա, խոսելով 1915-ի մասին, այդ իրադարձություններն անվանել է «հայերի ու թուրքերի ընդհանուր ցավը»՝ Օլանդը հայտարարել է, որ Անկարան «չի կարող սահմանափակվել դրանով»: «Ժամանակն է կոտրել տաբուն և նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդների համար»,-ասել է նա:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է:

2014-ի հունվարին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել Թուրքիային հրաժարվել ժխտողականությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել էր, որ անհրաժեշտ է ինտենսիվ համատեղ աշխատանք իրականացնել «1915-ի իրադարձությունների» 100-ամյակին ընդառաջ: Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում՝ Օլանդը նշեց, որ «իրենք կգնան միայն իրավական ճանապարհով», հավելելով, որ պատժելի է ինչպես բուն ցեղասպանությունը, այնպես էլ նրա ժխտումը: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թ.:

2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---