2 փետրվարի 2015 - 13:26 AMT
Ռուսաստանցիների 37%-ի կարծիքով Պերմյակովին պետք է դատի ՀՀ-ն, 32%-ն ընդհանրապես չի լսել սպանության մասին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և դրան հետևած բողոքի ակցիաների մասին գիտի ռուսաստանցիների մեծ մասը՝ 68 տոկոսը, սակայն մեկ երրորդը՝ 32 տոկոսն, ընդհանրապես այդ մասին չի լսել: Այդ են վկայում «Լեվադա-կենտրոնի» հարցման արդյունքները, հայտնում է Ինտերֆաքսը:

Սպանության մասին տեղյակ ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ այս գործով քննությունը պետք է իրականացնեն և ռուս, և հայ քննիչները (48 տոկոս), 42 տոկոսը կարծում է, որ դատարանը պետք է լինի ռուսաստանյան, բայց դատավարությունը պետք է անցկացվի Հայաստանի տարածքում (44 տոկոս):

Հարցվածների 25 տոկոսն այն կարծիքին է, որ գործը պետք է վարեն ռուս քննիչները, իսկ 21 տոկոսը՝ հայ: Դժվարացել է պատասխանել հարցվածների 6 տոկոսը: Հարցումն անցկացվել է հունվարի 23-26-ը, մասնակցել է 1600 մարդ` ՌԴ 46 շրջանից:

Ըստ հարցման մասնակիցների 37 տոկոսի, դատավարությունը պետք է վարի հայկական կողմը, 35 տոկոսը համոզված է, որ դատավարությունը պետք է անցկացվի Ռուսաստանում, իսկ 21 տոկոսը դժվարացել է պատասխանել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում, ասել են Քննչական կոմիտեում: Պերմյակովից նմուշներ են վերցվել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար: