Hurriyet Daily News. 2015-ին Հայկական հարցին դիմակայելու Թուրքիայի շանսերը նվազում են

Hurriyet Daily News. 2015-ին Հայկական հարցին դիմակայելու Թուրքիայի շանսերը նվազում են

PanARMENIAN.Net - Թուրքական Hurriyet Daily News պարբերականը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների զարգացման հեռանկարի վերաբերյալ:

Հոդվածի հեղինակ Մուրատ Յեթքինը նշում է, որ «թուրք-ամերիկյան հարաբերությունները նախքան այս Հայկական հարցի հետ կապված շատ խոչընդոտներ են հաղթահարել»: Հեղինակը վերհիշում է 2 պետությունների միջև, թերևս, ամենալարված պահը` 2007թ., երբ Անկարան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին` Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևը քննարկման դնելու պատճառով:

Յեթքինը մանրամասնում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները հարթվեցին, երբ պաշտոնական Անկարան սպառնաց ԱՄՆ-ի օդուժի համար փակել «Ինջիրլիք» ավիաբազան, ինչը դրդեց նախագահ Ջորջ Բուշ կրտսերին ընթացք չտալ նշված բանաձևի քննարկմանը, գրում է Tert.am-ը:

«Բայց այս տարվա ապրիլի 24-ը կարող է խիստ տարբերվել նախկին տարիներից, քանի որ 2015թ. լրանում է հայերի համար խորհրդանշական ու զգացմունքային արժեք ունեցող դեպքերի 100-րդ տարելիցը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հրավիրել է ապրիլի 24-ին Երևանում ներկա գտնվելու հիշատակի հատուկ արարողությանը, կարող է դրական պատասխաններ ստանալ: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ուղարկված հրավերները, որոնք վերաբերում են նույն օրը Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակը հարգելու արարողությանը մասնակցելուն, այդքան էլ մեծ ոգևորությամբ չեն ընդունվել»,- գրում է թուրք հոդվածագիրը:

Նա նաև նկատում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արշավում հայկական կողմի գլխավոր թիրախն ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սպիտակ տունն են:

«Ուստի Երևանը հատուկ նպատակով Վաշինգտոնում դեսպան է նշանակել միջազգային ճանաչում ունեցող քաղաքական գործչի` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ԱՄՆ-ի մայրաքաղաք ժամանելուց հետո կարողացել է 2015թ. ընդառաջ միավորել հայկական լոբբիի բոլոր խմբերը` մի կողմ թողնելով դրանց ներքին անհամաձայնությունները»,- շարունակում է Յեթքինը` նկատելով, որ «նույնը չի կարելի ասել թուրքական կողմի համար»:

Այնուհետև հեղինակը նշում է, որ «Կոնգրեսում Հայկական հարցին նպաստող որևէ քայլի տասնամյակներ շարունակ խոչընդոտում էր հրեական լոբբին, որը, ցավոք, այլևս նման պատրաստակամություն չունի, ինչը պայմանավորված է Իսրայելի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությամբ»:

Նա կանխատեսում է, որ այս տարի թուրքական կողմը չի ստանա նաև հունական և մի շարք արաբական երկրների լոբբիների աջակցությունը:

«Թվում է, թե Անկարան շանս չունի Վաշինգտոնի դեմ ռազմավարական խաղաթուղթ ներկայացնելու, որպեսզի կարողանա համոզել նախագահ Բարաք Օբամային նրանում, որ այս անգամ Սպիտակ տան համար մեծ օգուտ կլինի դա»,-եզրափակում է հեղինակը, հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պաշտոնական Անկարան արտասահմանյան ընկերությունների կողմից Թուրքիայի ՀՕՊ համակարգի համար զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մատակարարման բազմամիլիարդանոց գործարքի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի ապրիլի 24-ից հետո, երբ անցած կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Ռազմական մատակարարի ընտրության հարցում որոշումը կկայացվի՝ կախված Ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների համապատասխան արձագանքից: Այդ մասին, ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, փետրվարի 17-ին հայտնել է թուրքական Hurriyet թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք մի պաշտոնյայի: Թուրքիան $4 մլրդ արժողությամբ ՀՕՊ և հակահրթիռային 12 համակարգ գնելու տենդեր էր հայտարարել դեռևս 2009 թվականին, մասնակցության հայտ էին ներկայացրել եվրոպական, ռուսական, ամերիկյան ու չինական մի շարք ընկերություններ: 2013-ին հաղթող հայտարարվեց չինական CPMIEC ընկերությունը՝ ներկայացրած ամենաէժան` $3.44 մլրդ առաջարկով: Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների ճնշման տակ մրցույթի արդյունքները չեղարկվեցին, ու նոր տենդեր հայտարարվեց, որին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam ընկերությունը:

«Կառավարությունը մինչև ապրիլի 24-ը չի շտապի այդ գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»,- հայտարարել է թուրքական թերթի աղբյուրը՝ ավելացնելով, որ տվյալ հարցում կարևոր հանգամանք է այն, թե այդ երկրներն ինչպես կարձագանքեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նա հավելել է նաև, որ ամերիկյան ու եվրոպական ընկերություններն իրազեկված են իրավիճակի մասին:

Սա Թուրքիայի առաջին սադրանքը չէ, կապված Հահող ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճալատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպվելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:

Ավելի վաղ Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արդել համաշխարհային առաջնորդներին ապրիլի 24-ին մեկնել ոչ թե Չանաքքալե, այլ Երևան: Ինչպես հայտարարեցին թուրք իրավապաշտպանները, թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ցանկանում են շեղել աշխարհի առաջնորդների ուշադրությունն ու մոռացության մատնել Ցեղասպանությունը: Թուրքիայի Մարդու իրավունքների միության փոխնախագահ Մերալ Չըլդըրը նշեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որպես հաղթանակի կեղծ օր տոնելը անարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Էրդողանին պատասխան նամակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրել է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---