Ռուսական թերթ. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հույսը վերջնականապես մարեց

Ռուսական թերթ. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հույսը վերջնականապես մարեց

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հետ է կանչել խորհրդարանից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այսպիսով վերջնականապես մարեց հույսը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարող է սկսվել երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»

Պարբերականը հիշեցնում է, որ արձանագրությունները ստորագրել էին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Փաստաթղթերը ենթադրում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների, դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, Թուրքիայի կողմից ՀՀ հետ պետական սահմանի ապաշրջափակում, երկաթուղային հաղորդակցության վերսկսում և այլն: Արձանագրությունները ներկայացվել էին երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

«Միևնույն ժամանակ Անկարան իր ռազմավարական գործընկերոջ` Բաքվի կողմից խիստ ընտրության առջև էր դրվել: Ադրբեջանի ղեկավարությունը փաստացիորեն ուղիղ տեքստով հայտարարեց. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմ Լեռնային Ղարաբաղի վերադարձից հետո, հակառակ դեպքում Բաքուն հիմնովին կվերանայի եղբայրական Անկարայի հետ հարաբերությունները: Արդյունքում թուրքական խորհրդարանը դադարեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը` պատճառաբանելով դա նրանով, որ ցյուրիխյան արձանագրությունները հայկական կողմը մտցրել է ոչ միայն խորհրդարան, այլ նաև Սահմանադրական դատարան: Երևանի պարզաբանումը, որ դա է ներքին օրենսդրության պահանջը, որ ցանկացած միջազգային փաստաթուղթ քննվում է նաև ՍԴ-ում, թուրքական կողմին չբավարարեց: Այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը, համարելով, որ հարևանները առիթ են փնտրում վավերացումից հրաժարվելու համար, հայտարարեց, որ ստիպված է նույնկերպ պատասխանել: 2010 թ. ապրիլի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Այսօր ավելի մեծ նահանջ՝ հարաբերությունների կարգավորման հարցը հանվում է Հայաստանի օրակարգից»,-գրում է պարբերականը:

Հրապարակման մեջ ասվում է, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստան այցելելու հրավեր էր ուղղել: «Շուտով Անկարայից պատասխան ստացվեց, որտեղ Էրդողանը Սարգսյանին հրավիրեց հենց նույն օրերին այցելել Թուրքիա, որը մեծ շուքով որոշել է «հիշել» Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը: «Դարդանելի գործողությունը» տևել է մոտ մեկ տարի, և հիշատակման համար որևէ միջոցառում Թուրքիայում երբեք ապրիլի 24-ին չի անցկացվել»,- գրում է պարբերականը:

«Երևանը ոչ առանց հիմքի վիրավորական համարեց այն, որ այս անսպասելի համընկնումը կապված է բացառապես հայերի համար սգո ամսաթվից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու թուրքական ղեկավարության ցանկության հետ: Այդ մասին Սերժ Սարգսյանը գրեց Էրդողանին ուղղված պատասխան նամակում` ափսոսանք հայտնելով, որ թուրքական կողմը դեռևս պատրաստ չէ ճանաչել 20-րդ դարասկզբին հայերի, հույների, ասորիների և քրդերի զանգվածաբար ոչնչացման մեղքը»,-գրում է պարբերականը:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը... Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը»,-ասվում է Սերժ Սարգսյանի նամակում, մերջբերում է թերթը:

Փետրվարի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին,: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար: Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---