ՌԴ ԱԳՆ. Պուտինի մասնակցությունը Սարգսյան-Ալիև երկխոսությանը ղարաբաղյան կարգավորմանը նպաստող լուրջ գործոն է

ՌԴ ԱԳՆ. Պուտինի մասնակցությունը Սարգսյան-Ալիև երկխոսությանը ղարաբաղյան կարգավորմանը նպաստող լուրջ գործոն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հորդորել է ուշադրություն դարձնել հայկական և ադրբեջանական ԶՈւ շփման գծում կատարվող իրադարձություններին, որոնք, անկասկած, «տագնապահարույց են և չեն մոտեցնում ղարաբաղյան կարգավորումն այն կետին, ուր ձգտում են ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները»: Այս մասին նա հայտարարել է լրագրողների համար ճեպազրույցում:

Լուկաշևիչը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցը Հարավային Կովկասի երկրներ՝ նշելով, որ այցը «կգնահատեն նրանք, ով գործուղել է Նուլանդին»: «Ես կառաջարկեի հետևել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան ու նրա շփումներին»,-ասել է նա:

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին տարածաշրջանային այցով եղավ Հայաստանում: Փետրվարի 16-ին նա եղել էր Բաքվում, իսկ 17-ին՝ Թբիլիսիում: Հայաստան այցի ժամանակ Նուլանդը հանդիպումներ ունեցավ երկրի ղեկավարության հետ, այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, դիտեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ցուցադրությունը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ասելով, որ «դա արվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, այլ նաև երկկողմ հանդիպումների ժամանակ»:

Ըստ նրա, Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսությանը, լուրջ գործոն է, որը նպաստում է կարգավորման առաջխաղացմանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Փարիզում 2014-ի հոկտեմբերի 27-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար վերջին շրջանում արդեն երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---