Դինքի գործով նոր ձերբակալված կա

Դինքի գործով նոր ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքն Անկարայում կալանավորվել է՝ «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուի հրահանգով, հայտնում է Tert.am-ը «Հուրիյեթ»-ին հղումով:

Ավելի վաղ թուրքական դատարանը չեղարկել էր պետական պաշտոնյաների դեմ Դինքի գործով քննություն սկսելու վերաբերյալ արգելքը, ինչից հետո Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահի, Ստամբուլի փոխնահանգապետ Էրգյուն Գյունգյորի ու այլ պետական ծառայողների դեմ քննություն էր սկսվել:

Դինքի ընտանիքի փաստաբանները նրանց մեղադրում էին նախապատրաստվող սպանության մասին տեղյակ լինելու, սակայն այն կանխելու համար որևէ քայլ չձեռնարկելու համար:

Հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը հարցաքննվել էր որպես կասկածյալ: Իր նախորդ հարցաքննության ընթացքում Ռամազան Աքյուրեքը 12 անգամ նշել էր «չեմ հիշում» և 15 անգամ՝ «չգիտեմ» արտահայտությունները:

Ոստիկանության նախկին պաշտոնյան համակարգից ազատվել էր 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո՝ հարյուրավոր այլ ոստիկանների հետ, որոնց իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի գլխավորությամբ գործող շարժմանը սատարելու համար:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

Ավելի վաղ «Հըզըլհաբեր» լրատվակայքը գրել էր, որ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության ընթացքն ուղեկցվում է ցնցող զարգացումներով: Աղբյուրի համաձայն` Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության աշխատակից երկու ոստիկանի` Մուհիթթին Զենիթի և Օզքան Մումջուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է ընդունվել:

Նշվում է, որ այդ անձինք 2014-ի դեկտմեբերի 26-ին ցուցմունքեր էին տվել հարցաքննության վարույթն իրականացնող դատախազ Գյոքալփ Քյոքչուին: Հարցաքննությանը հետևել էր ոստիկաններին կալանավորելու մասին դատախազի որոշումը, բայց դատարանը նրանց ազատ էր արձակել: Դատախազ Քյոքչուն Ստամբուլի N6 քրեական դատարանում բողոքարկել էր ոստիկանների ազատ արձակման վճիռը: Արդյունքում որոշում է կայացվել կալանավորել կասկածյալի կարգավիճակում հայտնված ոստիկաններին, գրում է գրում է Ermenihaber-ը:

Նրանք մեղադրվում են «պաշտոնեական դիրքի չարաշահման» և «հանցավոր անփութության հետևանքով սպանության պատճառ լինելու» մեջ: Հայտնի է դարձել, որ Դինքի սպանությունից առաջ նրանք հեռախոսազրույցներ են ունեցել, բայց այդ մասին ոչինչ չեն տեղեկացրել Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչությանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---